Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, հազար թումանի համար նրան չեն դավաճանի։ Բացի դրանից, Ահմեդը խանի մոտ մեծ նշանակություն ունի, բոլորը նրանից վախենում են։

Որքան առաջ էր գնում անծանոթը իր պատմության մեջ, մելիքի դեմքը ավելի ու ավելի մռայլվում էր, նրա շրթունքը դողդողում էր, և աչքերում վառվում էր կատաղության կրակը։ Անիրավ աղջիկը հասցրեց նրան երկրորդ հարվածը և այդ ավելի սաստիկ էր։ Նա զրկեց հորը իր թանկագին հույսերից. նա ոչնչացրեց հոր բոլոր պլանները, որ այնքան մեծ աշխատությամբ հորինել էր նա...

– Շնորհակալ եմ, Հյուսեին,– խոսեց մելիքը զսպելով իր բարկությունը,– դու դարձյալ արել ես, ինչ որ կարող էիր անել, եթե չհաջողվեցավ, դրանում դու մեղավոր չես։ Ես դարձյալ կտամ քեզ այն, ինչ որ խոստացել եմ։

Նա հանեց իր գրպանից մի քսակ և մեկնեց թուրքին․ վերջինը հրաժարվեցավ ընդունել։ Մելիքը երկար թախանձում էր նրան, հայտնելով, թե շատ կվշտանա, եթե նա մերժե ոսկիները, և դարձյալ հիշեցրեց, թե ինքը Հյուսեինի հանձն առած պարտքը կատարած է համարում, իսկ անհաջողությունը պետք է վերաբերել նրանից անկախ պատճառների։ Թուրքը ընդունեց ոսկիները և գլուխ տալով, հեռացավ։ Նա խանի ախոռապետն էր, որ մի ժամանակ դահճի պաշտոն էր կատարում։ Իր ծառայության ընթացքում ուղիղ հազար մարդիկ մորթելուց հետո, նա մի ներքին սնահավատությամբ զղջացավ, թողեց այդ արյունոտ պաշտոնը և իր դանակը թաղեց գերեզմանատան մեջ, ինչպես լավ որսորդները թաղում են հողի մեջ իրանց հրացանը հազար երե սպանելուց հետո։ Բայց Հյուսեինը, որ այժմ իրան տված էր չափազանց արբեցության, չկարողացավ պահել ուխտը, և մելիքը օգուտ քաղելով նրա դրությունից, կարողացավ կաշառել նրան, կատարել տալու մի նոր եղեռնագործություն, մանավանդ որ նա մի քանի օր առաջ խաղի մեջ տանել էր տված բավական խոշոր գումար, և մելիքի խոստացած ոսկիներին շատ կարոտություն ուներ։ Բայց բոլորը անցավ իզուր... բոլորը ոչնչացավ Սյուրիի բարեսրտության առջև... և այդ ավելի կատաղեցնում էր մելիքին, որ հարազատ աղջիկը խոչընդոտներ էր սարքում նրա դեմ... Դավիթ ուրացողը երկչոտ էր, ինչպես լինում են ամեն նենգավոր մարդիկ, որոնց բոլոր զորությունը ամփոփված է լինում մտավոր ուժի մեջ։ Նա զուրկ էր արիությունից, նա զուրկ էր