Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ինչո՞ւ համար են վառում։

– Այնպես, վառում են...

– Երևի մի բան խորովում են։

Մայրը ոչինչ չգտավ պատասխանելու, կրկին համբուրեց իր զավակին։ Փարիշանը տեսնելով, որ ժամանակը անցնում է, սկսեց շտապեցնել իր տիկնոջը։

– Ուշանում ենք, տիկին,– ասաց նա.– տվեցեք ինձ երեխային, իսկ դուք ծածկվեցեք այդ վերարկուի մեջ։

Տիկինը դրեց երեխային աղախնի գիրկը, ինքը վեր կացավ։

– Ու՞ր ենք գնում,– հարցրեց հետաքրքիր երեխան։

– Պարտեզը,– պատասխանեց աղախինը,– այնտեղ լավ է, այդպես չէ՞։

– Լավ է,– ասաց երեխան,– այնտեղ խնձոր կա։

Աղախինը իր վերարկուի տակ ծածկեց երեխային, որ նրան ոչ ոք չտեսնե։ Իսկ նրա մայրը արդեն պատրաստ էր, նրա թուլասրտությունը անցավ։ Ազատության հույսը զորություն տվեց նրան։ Նա թողնում էր այն զնդանը, ուր ամբողջ յոթ տարի տանջվել էր, մաշվել էր, ուր թաղել էր իր երիտասարդության ամենաթանկագին օրերը։ Բայց երբ դուրս եկան սենյակից, տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Բնակարանը մարդու մտերիմ ընկերն է, նրա հավատարիմ խորհրդապահն է։ Ամբողջ յոթ տարի այդ շքեղազարդ սենյակին, ուր կենդանի թաղված էր նա, հավատացել էր իր սրտի ցավերը։ Նրա լուռ, գեղագրական պատերը միայն վկա էին եղել նրա արտասուքներին, բայց մխիթարել չէին կարողացել։ Այժմ թողնում էր իր սգարանը։

Բակում մարդիկ էին ման գալիս։ Խավարի մեջ դժվար էր որոշել նրանց։ Լույս չկար, բայց խեղդող ծուխը թանձր մառախուղի նման ծածկել էր շինվածքները։

Երբ իջան բակը, տիկինը հարցրեց.

– Հիմա Սառան ո՞րտեղ է։

– Սանդուղքների վրա, նրա հետ կա և մի տղամարդ,– պատասխանեց աղախինը։

Սառայի անունը լսելիս, երեխան գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և ճչալով բացականչեց.

– Սառային չեմ ուզի, Սառան վատ է, նա բողազս հուպ կտա․․․

Խեղճ երեխան մտաբերեց իր բժշկին և իր կոկորդի նույն գիշերվա ցավը։ Բայց Փարիշանը հանգստացրեց նրան, ասելով.