Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Չէ, սիրելիս, դա այն Սառան չէ, դա ուրիշ Սառա է, քեզ լավ բաներ կտա։

Երբ սկսեցին բարձրանալ սանխուքներից, տիկինը հարցրեց.

– Ո՞վ է Սառայի հետ եղող տղամարդը։

– Մի վարդապետ, որին կոչում են Խորեն հայր սուրբ։ Նա շատ լավ մարդ է։

– Վարդապե՜տ,– զարմանալով կրկնեց տիկինը։

– Այո՛, վարդապետ։ Նա մի քաջ տղամարդ է և Սառայի բարեկամն է։

Զբաղված լինելով այդ խոսակցություններով, փախստականները չնկատեցին, որ մի մարդ խավարի միջից լրտեսում էր նրանց։ Դա ներքինի Ասադն էր։ Հենց որ լսեց ծերունին երեխայի ճիչը, թե «Սառային չեմ ուզի», իսկույն ճանաչեց նրա ձայնը, հետո սկսեց ականջ դնել տիկնոջ և աղախնի խոսակցություններին։ Երբ փախստականները ոտք դրեցին սանդուղքների վրա, սկսեցին բարձրանալ, նա հասկացավ բոլորը, և իսկույն վազեց ներքինապետի մոտ, նրան իմացում տալու համար։

Այդ միջոցին փախստականները արդեն գտնվում էին սանդուղքների վերին աստիճանների վրա։ Սառան բաց արեց փոքրիկ դուռը, և բոլորը միասին դուրս եկան կտուրի վրա, դուռը իրանց ետևից կողպեցին։ Երեխան դարձյալ իր գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և տեսնելով հրդեհի շրջակա լուսավորությունը, ասաց.

– Հու՜, այդ ո՛րքան կրակ են վառել... Ի՞նչ են եփում, մայրիկ։

Փարիշանը մտածեց երեխայի ձայնը կտրել, ասելով.

– Եթե դու մյուս անգամ կխոսես, ես «բոբոխին» կկանչեմ.․․

Երեխան երկյուղից գլուխը ներս քաշեց աղախնի վերարկուի տակ և կծկվեցավ նրա գրկի մեջ։ «Բոբnխը» մի երևակայական էակ էր, որի սարսափելի նշանակությունը միայն երեխան գիտեր։

Կտուրի վրա հավաքված բազմությունը այժմ ավելի շատ էր։ Բոլորը գոռում էին, գոչում էին, և մինը մյուսին չէր հասկանում։ Նրանք աշխատում էին քանդել կից շինվածքները, որպեսզի կրակի առաջ անցնելը արգելեն։ Փախստականները շտապով անցան հուզված, խառնափնթոր բազմության միջից, և կտուրից իջան փոքրիկ պարտեզը, որ կից էր կանանոցին։

Այդ պարտեզը խանի տիկինների զբոսանքի դրախտն էր։ Այստեղ ներքինիների հսկողության ներքո բաց էին թողնում նրանց,