Խորեն հայր սուրբը և տիկինը գնում էին առաջ։ Տիկինը լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Երիտասարդ աբեղան մի քանի անգամ փորձեց խոսեցնել նրան, բայց ստացավ կարճ, սառն պատասխաններ։
– Դուք, երևի, հոգնեցաք, տիկին,– ասաց նա, նկատելով, որ չէր կարողանում հետևել իրան։
– Այո՛, յոթ տարի կանանոցի մեջ փակված մնալով, ես համարյա կորցրի ման գալու ընդունակությունը,– պատասխանեց տիկինը տխրությամբ։
– Թույլ տվեցեք բռնել ձեր թևքից։
Տիկինը իր թևքը մեկնեց նրան։
Միևնույն կարեկցությունը ցույց տվեց Սառան Փարիշանին, ասելով.
– Դու հոգնեցար, սիրելիս, ինձ տուր երեխային, ես կղրկեմ։
– Այսպես լավ է,– պատասխանեց Փարիշանը,– երեխան կարող է խանգարել քեզ, դու մի քաջ թիկնապահի պաշտոն ես կատարում, քո ձեռքերը պետք է ազատ լինեն։
– Ծիծաղու՞մ ես իմ վրա, Փարիշան։
– Ինչո՞ւ եմ ծիծաղում, ես տեսա, թե ինչպես դու ծակեցիր ներքինապետի կողքը. կարող է մի այսպիսի դեպք դարձյալ պատահել։
Նրանց մոտից մեծ աղմուկով անցան մի քանի մահմեդական զինված խումբեր։ Բայց որովհետև գիտեին, որ այդ ժամանակ փողոցներում ոչ մի հայ չի համարձակվի դուրս գալ, այդ պատճառով ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա։
Մեկը միայն հարցրեց.
– Ու՞ր եք գնում։
– Դեպի այդ կողմը,– պատասխանեց Խորեն հայր սուրբը։
– Հայոց թաղով չեք կարող անցնել, բոլոր փողոցները բռնված են։
– Ինչպե՞ս բռնված են։
– Բռնված են... գնացեք, կտեսնեք...
Նա անցավ, ժամանակ չունենալով բացատրություն տալու։
Եվ իրավ, հասնելով հենց առաջին փողոցը, նրանք գտան փակված։ Փողոցի մուտքը բռնված էր ամուր սանգիառով (պատնեշ)։ Հայ բնակիչները դիզել էին միմյանց վրա իրանց սայլերը, գութանները, արորները և տնային զանազան կարասիները, այսպիսով կազմել էին մի ամուր պատնեշ։ Կին, աղջիկ, տղամարդ,