Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչու՞։

— Չե՞ք լսում։

— Ի՞նչը,

— Թմբուկների ձայնը։

— Լսում եմ։ Այդ ի՞նչ ձայն է։

— Բեկի զորքերի թմբուկների ձայնն է։ Թշնամին մտնում է բերդը։

Խանը գունաթափվեցավ։

— Թշնամին մտնում է բե՜րդը...— կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին։— Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար։

— Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար։ Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը։

— Հիմա ի՞նչ պետք է արած,— հարցրեց խանը հուսահատ կերպով։

— Եթե դուք ինձ թույլ կտաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ։

— Երբեք։

— Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից։

— Թող բոլորն էլ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև։ Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը, մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվիլ այլադավանի լծի ներքո, մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա։

Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն։ Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սար ձեռքումը բռնած։ Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ[1], որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ։ Չավուշները քարոզ էին կարդում.

  1. Չավուշ նշ. հոգևոր ջառչի, հրապարակական քարոզներ կարդացող։