– Մուսուլմաններ, ղեյրաթի[1] օր է։ Գավուրները գրավեցին մեր բերդը։ Աստված և նրա մարգարեն հրամայում են զենքով ընդդիմանալ թշնամուն։
Այդ խոսքերը վառեցին ամբոխի կատաղությունը և հազարավոր ձայներ կրկնեցին.
– Պատրաստ ենք, պատրաստ ենք։
Խանը մոտեցավ մոլլաների գլխավորին և նրա ձեռքը բռնելով, ասաց.
– Ես էլ պատրաստ եմ։ Ասաուծո և նրա մարգարեի հրամանի հետ ավելացնում եմ և իմ հրամանը.– պետք է մինչև մեր արյան վերջին կաթիլը ընդդիմանանք թշնամուն։
Ամբոխի մոլեռանդությանը չափ չկար։ Նրան հրամայում էր աստված իր հոգևոր ներկայացուցչի բերանով, հրամայում էր մարգարեն իր մարմնավոր ներկայացուցչի՝ երկրի իշխանի բերանով։
Չավուշները, սրբազան դրոշակները առաջ տանելով, դուրս եկան ամրոցից։ Նրանց հետևում էին մոլլաների գլխավորը և խանը, իսկ հետո– ամբոխը։
Երբ դուրս եկան ամրոցի առջևի հրապարակի վրա, խանը դարձավ դեպի մոլլաների գլխավորը այս խոսքերով․
– Դուք, հոգևոր տեր, առաջնորդեցեք ամբոխին, իսկ ես կառաջնորդեմ զորքերին։
– Այդպես էլ պետք է,– պատասխանեց մոլլաների գլխավորը։
Նրանք բաժանվեցան։
Մոլլաների գլխավորը ամբոխի հետ սկսեց առաջ գնալ։ Չավուշները բարձր ձայնով կրկնում էին միևնույն խոսքերը։ Բազմությունը հետզհետե ստվարանում էր, ամեն մարդ, զենքը առած, միանում էր ամբոխի հետ։
Խանը մնաց հրապարակի վրա։ Երբ բոլորը հեռացան, հրամայեց վեզիրին.
– Թմբուկները ածել տուր, որ զորքը հավաքվի։
Մինչև դրանց զորքի հավաքվելը, մենք անցնենք Բեկի զորքերի մեջ, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։
Միևնույն րոպեում, երբ երկու չավուշները, բերդի փողոցների մեջ հոգևոր թափոր կատարելով, կարդում էին ասաուծո և նրա մարգարեի հրամանը,– միևնույն րոպեում հայոց բանակների մեջ
- ↑ ղեյրաթ նշ. նախանձախնդրություն։