Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կնճիռները պայծառացան մի անսովոր ուրախությամբ։ Նա բռներ Բայինդուրի ձեռքը, ասելով.

— Շնորհակալ եմ, իշխան, իրավ որ, լավ խաբար է։ Դու քո աչքերո՞վը տեսար։

— Ես իմ աչքերովը տեսա, ուրիշի աչքերովը չտեսա, պատասխանեց իշխանը։— Ես այս գիշեր չեմ քնել․ սև ագռավի նման նստած էի սարի գագաթի վրա, ժամերով նայում էի, թե երբ կհայտնվի այդ անիծյալ ֆշանքը։

— Օրհնյալ լինի աստված,— ասաց ծերունի զորավարը, երեսը խաչակնքելով։

— Թող մի քիչ էլ օրհնյալ լինի տեր Ավետիքը, որ մեր գործը հեշտացրեց։ Ես, իրավն ասեմ, մի քանի րոպե առաջ այնքան բարկացած էի նրա վրա, որ եթե ձեռքս ընկներ, անպատճառ մորուքը կկտրեի։ Բայց այժմ ներում եմ նրան, թեև մեգ շատ սպասել տվեց։ Հիմա, եթե տեսնելու լինեմ, մեծ ուրախությամբ նրա մորուքը կհամբուրեմ։

Մի բարեմիտ ծիծաղ անցավ ծերունու առաքինի դեմքի վրա։

— Նա խիստ շատ արժանավորություններ ունեցող մի մարդ է,— ասաց նա։

— Ափսո՛ս, որ տերտեր է։— պատասխանեց իշխանը։— Եթե ձեր փեսան չլիներ, ես կստիպեի նրան թողնել փիլոնը, բայց դուք ամբողջ տոհմով տերտերների ու Նարեկի սիրահար եք։

Ծերունի զորավարը նկատեց, որ Բայինդուր իշխանի հետ այդ տեսակ խոսքերով Ժամավաճառ լինելը վերջ չէր կարող ունենալ, այդ պատճառով, դարձավ դեպի գործը, հարցնելով.

– Ի՞նչ եք կարծում, մենք պիտի սպասենք մյուսներին, թե՞ ոչ։

– Ու՞մը պետք է սպասենք,— պատասխանեց նա.— սպասելու ոչինչ չունենք։ Մյուսներն էլ նման երկու աչքեր ունեն, իհարկե, կտեսնեն բերդի մեջ պատահածը և իրանց անելիքը կհասկանան։

– Այդ իրավ է, Բեկի բոլոր զորապետներին հայտնի են այն նշանները, որոնց տեսնելու ժամանակ պետք է հարձակում գործեն։ Բայց հարցը նրանումն է, թե ո՞վ առաջ պետք է հարձակում գործե։

– Մենք,— պատասխանեց իշխանը մի առանձին հպարտությամբ։— Հերթը մերն է։ Մեր բանակը կանգնած է ուղիղ փորված ականի հանդեպ, որտեղից պետք է մտնել բերդը։ Առաջ մենք պետք