առաջարկելու. դուք պետք է թույլ տաք ինձ, որ առաջ ես իմ մարդիկներով անցնեմ ծակից (ականից)։
– Թող այդ լինի ինձ մի ուրախչեք[1] այն ծառայության համար, որ առաջ ես բերեցի ձեզ բերդում հայտնված գործերի ավետիքը։
Ծերանի զորավարը թեև մեծ վստահություն ուներ Բայինդուր իշխանի քաջության վրա, բայց հավատալ նրա պատերազմական զգուշություններին չէր կարող։ Նա իր հարձակումների մեջ շատ անգամ Քորօղլիի սովորությունն ուներ, առանց ետ ու առաջ նայելու, կայծակի նման նետվել։ Այդ պատճառով բավական մեղմությամբ նկատեց նրան։
– Ձեզ, կարծեմ, բավական ծանոթ չէ բերդի դիրքը։
– Բերդը այնպես լուսավորված է, որ կույր մարդն էլ կարող է ամեն բան տեսնել,– պատասխանեց իշխանը փոքր–ինչ վրդովված ձայնով։
– Ինչո՞վ է լուսավորված։
– Կրակով։ Նայեցեք,– վերջին խոսքերի հետ նա բարձրացրեց վրանի վարագույրը։
Նրանք նայեցին։ Հրդեհի ճառագայթները ցոլանում էին շրջակա լեռների բարձրությունների վրա։
– Շատ ապրի տեր Ավետիքը,– ասաց նա, ձեռքից բաց չթողնելով վարագույրը,– տեսնու՞մ եք, մեզ ընդունելու համար ինչ գեղեցիկ ճրագալույց է պատրաստել։
Զորապետների խորհուրդը իրավունք տվեց Բայինդուր իշխանին առաջ անցնել։ Նա այնքան սիրելի էր իր ընկերների մեջ, որ չկամեցան զրկել նրան այդ ուրախությունից։ Իշխանը շնորհակալություն հայտնեց և հեռացավ։
ԻԴ
Գալով իր բանակը, Բայինդուր իշխանը իսկույն հրամայեց չվել։ Երկար պատրաստությունների պետք չկար․ զինվորներից ամեն մեկը գիտեր, թե ինչ պետք էր անել։ Նրանք վաղուց պատրաստված էին։ Միայն զորապետը հարկավոր համարեց գրգռել
- ↑ Ուրախչեք նույն նշանակությունն ունի, ինչ որ պարսից հայերը ասում են մուժտալըգ, այսինքն մի վարձատրություն, որ տալիս են ավետիք կամ ուրախալի լուր հայտնողին։