Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց ինքնասիրությանը, հայտնելով, որ զինվորական խորհուրդը մի առանձին պատիվ արեց նրանց, թույլ տալով ամենից առաջ մտնել բերդը։– Այդ պատիվը մեծ է և ամենայն գովության արժանի, ասաց նա,– և ես հույս ունեմ, որ դուք կապացուցանեք, որ արժանի եք այդ պատվին։

Հետո իր սովորական զվարճախոսությամբ դարձավ նա դեպի զինվորները, հարցնելով․

– Ո՞վ կա ձեր մեջ, որ գոմեշի ուժ և դևի ճարպկություն ունենա։

Մի խումբ առաջ անցավ։ Նա ցույց տվեց փոքրիկ թնդանոթները, ասելով․

– Մենք այնպիսի սատանայական տեղերով պիտի գնանք, որ չորքոտանին իր գլուխը կկոտրե. հիմա դրանց տանելը երկոտանիի գործ է. քարշ տվեցեք ձեզ հետ. դրանք մեզ շատ հարկավոր կլինեն այնտեղ։– Նա ձեռքը մեկնեց դեպի բերդը։

– Մեր ուսերի վրա կտանենք,– պատասխանեցին քաջերը, և ավելի քան քսան ուժեղ տղամարդիկ սկսեցին շարժել թնդանոթները, որ մի քանի օր առաջ խլել էին պարսիկներից։ Նրանց թիվը չորս էր։

Իշխանը առաջ անցավ և հրամայեց հետևել իրան։ Ամբողջ զորախումբը գնաց նրա ետևից։

ճանապարհը, եթե կարելի է նեղ գեծանը[1] ճանապարհ կոչել, տարածվում էր Գեղվա գետի աջ եզերքի վրայով։ Մի կողմում հոսում էր գետը, մյուս կողմում բարձրանում էր անտառապատ լեռը։ Պետք էր գնալ այդ լեռան կողքերովը։ Ծառերի, մացառների և մոշի փշոտ պատատուկների մեջ կորած շավիղը այնքան նեղ էր, որ հազիվ կարող էր մի մարդ միայն անց կենալ։ Իսկ այդ մարդը ստիպված էր անդադար իր սրովը կտրատել մացառները, որ տեղ–տեղ փակում էին ացքը։ Այդ պաշտոնը կատարում էր ինքը Բայինդուր իշխանը, պարսից թագավորի ընծայած, մի բաթմանի ծանրություն ունեցող թրովը։ Նա գնում էր առջևից, իսկ նրա ետևից գալիս էին ուղտերի քարավանի նման շարված զինվորները։ Բոլորը լուռ էին, նրանց ոտների և փշերի հետ կռվող հագուստների խշխշոցն անգամ չէր լսվում, որովհետև այդ արշավանքը կատարվում էր միևնույն

  1. Գեծան նշանակում է սյունեցիների բարբառում լեռների վրա կամ անտառների մեջ եղող նեղ չավիղները․ գիծ կամ գծել բառերիցն է։