սարսափելի ժամում, երբ քամին կատաղաբար փչում էր ձորի միջից և իր հնչման մեջ ամեն այլ ձայներ խլացնում էր։
Երբ մոտեցան բերդին, պետք էր բարձրանալ դեպի մի սեպացած զառիվեր, որի վրա կանգնած էր բերդը։ Զինվորների ոգևորությունը այնքան մեծ էր, որ նրանք բոլորովին ոչնչի տեղ էին դնում քարափների ժայռոտ առապարը։ Նրանց օգնում էին քարերի վրա բուսած ծառերը և թփերը՝ մագլցելու համար։
Երբ հասան բերդի պարսպին, իշխանը կանչել տվեց այն երիտասարդին, որ ականի միջով անցնելով, բերել էր տեր Ավետիքի նամակը։
– Տղա, անունդ ի՞նչ է,– հարցրեց նրանից։
– Ղազար։
– Եթե Նազար լիներ, ես քո գլուխը կտրել կտայի։
Երիտասարդը սարսափեց զորապետի օտարոտի նկատողությունից։
– Դե՛, առաջ անցիր, մեզ ցույց տուր այն ծակը, որ բաց են արել պարսպի տակով։
Երիտասարդը հասկացավ, որ ականի մասին է խոսում, լռությամբ առաջ անցավ և սկսեց առաջնորդել նրան։
Պետք էր մի փոքրիկ պտույտ գորձել պարսպի շուրջը և հասնել ականի տեղը։ Թեև հրդեհի ճառագայթները բավական լույս էին տարածել բերդի շրջակայքում, բայց անտառի խտության մեջ, եթե ցերեկով ևս մարդիկ անցնելու լինեին, դարձյալ ոչ ոք չէր տեսնի նրանց։ Այստեղ տիրում էր խավարի մշտական թագավորությունը։ Եվ տեր Ավետիքի ռազմագիտական հանճարը ընտրել էր այդ կողմը միայն իր փորվածքի համար։
– Ահա այստեղ է,– կանգնելով ցույց տվեց առաջնորդը։
– Դու քո պարտքը կատարեցիր, հիմա հերթը իմն է,– ասաց իշխան,– Դեն գնա՛։
Ականի մուտքը ծածկված էր մամուռով և թարմ խոտերով, այնպես բնական կերպով, որ բնավ չէր զանազանվում լեռան խոտով ծածկված մակերևույթից։ Դուրս բերած հողը ածել էին գետի մեջ։
Բայինդուր իշխանը ձեռքերով ետ քաշեց խոտերն ու մամուռները, քանի րոպեից հետո բաց եղավ ստորերկրյա քարանձավի բերանը։ Նա երեսը խաչակնքեց և ներս մտավ։ Բոլորը հետևեցին նրա օրինակին։