Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին խոսքը փոքր–ինչ դժվարության մեջ դրեց իշխանին։

– Երբ հոգևորականը բանի մեջ է մտնում, գործը ծանր կերպարանք է ոտանում, – ասաց նա։

– Հոգ չէ,– պատասխանեց տեր Ավետիքը.– դուք հոգևորականին թողեցեք, որ հոգևորականը պատասխանե։

– Այսինքն դու։

– Այո՛, ես։

Մինչև զբաղված էին այդ խոսակցություններով, Բայինդուր իշխանի զորքի մնացած մասն էլ դուրս եկավ ականի միջով։

– Հիմա գիտե՞ք ինչ պետք է անել, տեր հայր,– ասաց իշխանը.– այդ ծակը խիստ նեղ է. մինչև Մելիք–Փարսադանի և Ավթանդիլի զինվորները դրա միջով անցկենալու լինեն, բավական ժամանակ կկորչի։ Պետք է քանդել տալ պարիսպը։

– Մեծ դժվարություն չունի, ես այս րոպեիս կհրամայեմ, որ քանդեն,– պատասխանեց քահանան։– Գործիքներ այստեղ կան. ականափորների բահերը, բրիչները դեռ այստեղ են մնացել։

Զինվորները վրա վազեցին, սկսեցին քանդել պարիսպը։ Քարը, կիրը, որ արհեստի շնորհիվ միացել, երկաթի ամրություն էին ստացել, նրանց կատաղի հարվածների տակ փշրվում էին և թափվում էին ցած։

– Ես մոռացա հարցնելու,– կրկին դարձավ իշխանը դեպի քահանան.– որտեղ են Շահումյանը, Խորենը, Բալին։

– Շահումյանը և Բալին կարգված են առաջնորդելու տեղացի հայերին, իսկ Խորենը զբաղված է մի այլ գործով։

– Ի՞նչ գործով։

– Նա պիտի ազատե խանի կնիկներից մեկի կյանքը։

– Այդ լավ կնոջ գործը վարդապետին հանձնել։

– Այդ կինը, մանավանդ նրա աղախինը, բավական օգնեցին մեզ։

– Գեղեցի՞կ է։

– Ես չեմ տեսել։

– Դու ինչ գիտեիր, հաղորդեցիր ինձ, տեր հայր,– խոսքը փոխեց իշխանը.– հիմա մնում է ինձ հայտնել քեզ Բեկի հրամանը։

– Հայտնեցե՛ք։

– «Չխղճալ կոտորել անխնա կերպով»։

– Ես առանց այդ հրամանի նույնը կանեի,– պատասխանեց քահանան։