Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իե

Զեվու (գեղի) բերդը հայոց Բաղաց թագավորների բազմաթիվ բերդերից մեկն էր։ Այդ տոհմի վերջին երկու անբախտ թագավորները, երկու եղբայրներ՝ Գրիգոր և Սմբատ, անժառանգ էին, Գրիգորը միայն ուներ մի դուստր Կատա անունով։ Եվ որպեսզի իր թագավորությունը շարունակվի, նա հրավիրեց Խաչենի Ջալալյան իշխաններից մի երիտասարդ Հասան անունով, տվեց Կատային նրան կնության և նրա հետ նվիրեց իր փեսային Բաղաց իշխաության աթոռը։ Շուտով երկու եղբայրներն ևս վախճանվեցան, առանց տեսնելու իրանց թագավորության կործանումը։

Այդ միջոցներում արևելքում զորացավ մանգոլական տարրը և հեղեղի նման սկսեց սփռվել դեպի ամեն կողմ։ Երիտասարդ Հասանը այնքան քաջություն չունեցավ, որ դեմ դներ թշնամու արշավանքներին, թողեց իր երկրի բերդերն ու ամրությունները անտեր, և իր անձն ու ընտանիքը միայն ազատելու համար, հեռացավ իր հայրենիքը՝ Խաչեն։ Եվ այսպես Անդոկի նման սարսափելի հսկայի թագավորությունը վերջացավ Հասանի նման երկչոտ թզուկով։

Այնուհետև Զեվուն, ինչպես Կապանի մյուս բերդերը, փոփախակի ընկան երբեմն պարսից, երբեմն արաբացոց և երբեմն թուրքաց իշխանության ներքո։ Հայ բնակիչներն սկսեցին ցրիվ գալ, իսկ նրանց փոխարեն հետզհետե զետեղվեցան մահմեդականները։

Դավիթ Բեկի օրերում Զեվուն ուներ մոտ հինգ հազար տուն բնակիչներ, որոնց թվում հայերը խիստ չնչին փոքրամասնություն էին ներկայացնում։

Բայց երբ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, նա հավաքեց շրջակա թուրքաբնակ գյուղերի բնկիչներին ևս բերդի մեջ, այնպես որ, պաշարման ժամանակ այնտեղ կար մահմեդականների բավական մեծ բազմություն։

Երկու բան կարող է մահմեդականին քաջություն տալ, սիրտ տալ թշնամու հետ կռվելու համար, մեկը, ավարառության ցանկությունը, մյուսը կրոնական մոլեռանդությունը։ Պատերազմական մի այլ իդեալ անծանոթ է նրան։ Այդ երկու պայմաններն ևս, պաշարված բերդի մահմեդականների վերաբերությամբ, տնօրինված էին։ Խանը իրավունք էր տվել նրանց կոտորելու, կողոպտելու իրանց դրացի բոլոր հայերին։ Իսկ մոլլաների գլխավորը, որպես վարձաարություն այդ բարբարոսության համար, խոստացել էր Մուհամմեդի դրախտը։