Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրան ոչ ոք չպատասխանեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե թշնամին որտեղից ներս մտավ։

– Մարդիկ հիմա սկսեցին փախչել կտուրների վրայով,– նկատեց թիկնապահներից մեկը։

– Ինչպե՞ս են բարձրանում կտուրների վրա,– հարցրեց խանը։

– Փողոցի պատերը տեղ–տեղ խիստ ցած են։

Թնդանոթներ արձակողը Բայինդուր իշխանի զորախումբն էր։

Իսկ նրա հակառակ կողմից ժողովրդին երկու կրակների մեջ դնողը Ավթանդիլ գնդապետն էր։

Մի քանի կետերի վրա հայտնվեցան հրդեհի նշաններ։

– Շտապե՛նք,– գոչեց խանը։– Պետք է դեպի այս կողմը դարձնել մեր զինվորներին։ Շուտով անհավատները ամբողջ բերդը կոչնչացնեն։

Հրդեհի նշաններն այժմ ավելի պարզ կերպով էին երևում։

Զարհուրած բնակիչները չգիտեին ուր փախչել։

Խանը և իր թիկնապահները ընտրեցին դատարկ, մթին փողոցներից մեկը, և սկսեցին առաջ վազել, որ զորքը օգնության կանչեն։ Զորքը այդ ժամանակ, բերդի մի այլ կողմում, նույնպես թշնամու հետ գործ ուներ։

Խանի ուշադրությունը գրավեց խավարի միջից մի խոսակցություն, նա իր քայլերը դանդաղեցրեց։

– Թող անիծվի՜ այսպիսի խանը,– ասում էր ձայներից մեկը:– Եթե չէր կարող թշնամուն դեմ դնել, էլ ինչո՞ւ մեզ ձգեց այդ կրակի մեջ...

Կարծես մի սուր ցցեցին խանի սրտում։

– Մայրի՛կ,– գոչեց մի երեխայական ձայն ինձ գրկիր, ես հոգնեցա․․․

– Ինչպե՞ս գրկեմ, զավակս,– պատասխանեց մայրը.– քո փոքրիկ քույրը գրկումս է։

– Ինձ շալակիր, մայրիկ, ես է՛լ չեմ կարողանում գալ։

– Ինչպե՞ս շալակեմ, զավակս, քո փոքրիկ եղբայրը ուսիս է։

– Մայրիկ, ես այստեղ կնստեմ։

– Այստեղ լավ չէ, զավակս, մի քիչ էլ առաջ գնանք, հետո կհանգստանանք։

– Ինչո՞ւ այստեղ լավ չէ, մայրիկ։

– Այնպես, զավակս, լավ չէ․․․

– Նրանք կգան։