Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցուդարձը նեղ քուչայի մեջ չափազանց դժվարին էր։ Երբեմն ետևից, երբեմն առջևից զարկվում էին նրան փախստական մարդիկ, և հայհոյանքով անց էին կենում։ Մեկը գլուխը սաստիկ խփելով նրա ճակատին, ասաց.

– Կո՞ւյր ես, չե՞ս տեսնում, ճանապարհովդ ուղիղ գնաս։

Երկրի իշխանը լուռ կացավ։

Դրանք այն ստրուկներն էին, որ նրա շվաքն անգամ տեսնելիս, մինչև գետին կթեքվեին և հարյուր անգամ գլուխ կտային։ Այժմ իրանց գլուխները զարկում էին նրա գլխին․․․ Ճակատագիրը ահա այսպիսի խաղեր ունի...

Նեղ քուչան դուրս հանեց նրան մի բավական ընդարձակ փողոց։ Այստեղ մարդիկ ավելի խոշոր խումբերով էին վազվզում։ Այդ մարդիկը զինված էին։

– Մերոնք կոտրվեցան... մերոնք կոտրվեցան...– աղաղակում էին նրանք։

– Ինչպե՞ս կոտրվեցան,– հարցրեց խանը, նրանցից մեկին կանգնեցնելով։

– Կոտրվեցան էլի,– պատասխանեց նա, արագ վազելուց դժվարությամբ շունչ քաշելով։– Թշնամին դրսից խորտակում էր բերդի երկաթե դռները, մերոնք աշխատում էին արգելել, Նրանք հաղթեցին, խորտակեցին դռները և ներս մտան։

– Ո՞ր դռները։

– Երկաթե դոները։

Բերդի բոլոր դռները երկաթից էին շինված։ Բայց փախստականի պատմությունը այն դռների մասին էր, որ ուղիղ բացվում էին դեպի Մխիթար սպարապետի բանակի կողմը։ Ուրեմն բերդի մեջ մուտք գործողը նա պիտի լիներ։

– Հետո ի՞նչ եղավ,– հարցրեց խանը։

– Հետո չեմ իմանում ինչ եղավ,– պատասխանեց նա.– ես փախա։

– Դու զինվո՞ր ես։

– Ապա ի՞նչ եմ։

Խանը նկատեց, որ այդ բոլոր փախստականները իր զինվորներն էին։ Նա մտածեց կանգնեցնել նրանց։ Նա կամեցավ հայտնել իր ով լինելը և իր իշխանական բարձր հրամանով ստիպել նրանց հետ դառնալ, կռվել, մինչև արյան վերջին կաթիլը կռվել։

Մինչ այդ մտածության մեջ էր նա, տեսավ, իրավ որ, թշնամու զորքը բերդի «Մեղրու դուռ» կոչված մուտքից ներս մտնելով։