կյանքը ավելի մեծ նշանակություն ունի ինձ համար, քան թե ձեր տված խորհուրդը։
– Բեկը այն գազաններից չէ, որ ընդունե ձեր խնդիրքը, դուք իզուր ձեզ կստորացնեք միայն:
– Ես հանձն եմ առնում այդ ստորությունը, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որքան անգութ է Բեկը, այնքան էլ մեծահոգի է։
– Բայց այս ստորությունը վերաբերում է ամբողջ մուսուլմաններին,– մի գավուրից գթություն խնդրել...
– Մուսուլմաններին կրոնքով թույլ է տրված հարկը պահանջած դեպքում թաղիա անել[1]։
Խանը, նկատելով, որ ոչինչ կերպով չէ կարող համոզել համառ ծերունուն, ասաց.
– Գնացեք, այդ ձեր կամքն է, միայն խոսք տվեցեք ինձ, որ դուք չեք ներկայանա այն ավազակի մոտ իբրև իմ վեզիր, և իմ կողմից ոչինչ չեք խոսի։
– Ես հաստատ խոսք եմ տալիս ձեզ, որ կներկայանամ իբրև հասարակ մարդ։
Վեզիրը հեռացավ։
Խանը մնաց մենակ։ Չգիտեր ի՞նչ անել, ո՞ւր գնալ։ Նրան տիրեց սարսափելի վհատություն։ «Ամեն բան կորավ, ամեն ինչ ոչնչացավ, այլևս ոչնչի վրա հույս դնելու տեղ չէր մնացել...»– մտածում էր նա։
Նա մտաբերեց իր ամրոցը, իր կնիկները, իր զավակները։
«Չէ՛, մտածեց նա, ես պիտի շտապեմ դեպի իմ տունը, քանի որ թշնամին չէր գրավել նրան...»։
Նա դուրս եկավ իր թաքստի տեղից։ Բայց վախենում էր, որ ճանաչվի, վախենում էր թշնամու ձեռքը ընկնելուց։ Գիշերը անցել էր արդեն, օրը լուսանալու մոտ էր. երկինքը սկսել էր պարզվիլ։
«Իմ հագուստը կարող է մատնել ինձ, պետք է փոխել»— մտածեց նա։
Այդ պետքը լրացնելու համար մեծ դժվարություն չկար, փողոցները ծածկված էին դիակներով, նա մոտեցավ մեկին և սկսեց մերկացնել։ Կաշյա գոտիից քարշ ընկած շղթայաձև մտրակից նկատեց նա, որ դա մի ջորեպանի դիակ էր, գուցե իր ջորեպաններից մեկի դիակը։ Բայց հագուստների մեջ ընտրություն անելու։
- ↑ Թաղիա անել նշ. ստիպողական պահանջների և հանգամանքների հետ հարմարվել, թեև նրանք հակառակ լինեին մահմեդական օրենքներին։