տեսնում։ Թշնամին, դեռևս իր գործը բոլորովին վերջացրած չլինելով մահմեդական ամբոխի և զորքի հետ, մինչև այստեղ տակավին չէր հասել։
Կնիկների բազմությունը, փակված իրանց օթյակներում, օրհասական երկյուղի մեջ, սպասում էին սոսկալի ճգնաժամին։ Կինը, մանավանդ մահմեդական կինը, պատերազմի ժամանակ, ավելի փոքր երկյուղ ունի, քան թե տղամարդը։ Նրա մեջ գտնվում են այնպիսի արժանավորություններ, որ թշնամին նրա հետ բավական մեղմությամբ է վարվում։ Այդ կետից նայելով, կնիկների երկյուղը այնքան թշնամու կողմից չէր, որքան ամրոցում հայտնված հրդեհից։ Կրակը արդեն անցել էր կանանոցի մեջ, մի քանի սենյակներ այրվում էին։ Կնիկները դուրս փախչելու թույլտվություն չունեին, որովհետև, իրանց վրա հսկողներից մեկը պետք է լիներ, որ նրանց իրավունք տար դուրս գալու, իսկ այդ մեկը, որ ներքինապետն էր, չկար։
Նա ուրվականի նման անցավ կանանոցի բակից և մտավ Զուբեիդա խանումի նախասենյակը։ Ծերունի Ասադը իր սովորական պարտաճանաչությամբ, սղոցի թեփով լցրած բարձը գլխի տակին դրած, և վերմակի փոխարեն, իր վերարկուի մեջ փաթաթված, պառկել էր տիկնոջ օթյակի դռան հանդեպ։ Խանը չնկատեց նրան, և կոխ տալով, նրա վրայից անցնելու միջոցին, ծերունի պահապանը քնաթաթախ վեր թռավ, զարկվեցավ նրան, և նա, չկարողանալով պահպանել իր դիրքը։ ընկավ ծերունու վրա։ Երկու քնածներ սկսեցին անգիտակցաբար միմյանց տրորել, միմյանց կողքերը ջարդել։ Վերջը ծերունուն հաջողվեցավ բռնել խանի կոկորդից գոչելով․«Գո՜ղը... գո՜ղը... շուտ հասեք... բռնվեցավ գողը..․»։
Նրա ձայնին ոչ ոք օգնության չհասավ։
Միայն ծերունու աղաղակը և այն սաստիկ ցնցումը, որ գործեց նա խանի մարմնի վրա, այն հետևանքն ունեցան, որ խանը լուսնահարի նման արթնացավ, և չհիշելով ծերունու մի քանի րոպե առաջվա գործողությունները, այնքանը միայն զգաց, որ իր կոկորդը գտնվում է նրա ճանկերի մեջ։ Զորեղ ձեռքով նրան մի կողմ գլորեց և ինքը վեր կացավ, ասելով․
– Ճանաչի՛ր քո տիրոջը, անզգամ։
Այդ խրոխտ ձայնի մեջ ծերունին ճանաչեց խանին, բայց նախասենյակի մթության մեջ չկարողացավ տեսնել նրա ցեխի մեջ թաթախված ջորեպանի հագուստը։