Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ հավատացած եմ, իմ աղաչանքները ավելի հեշտությամբ ընդունելություն կգտնեն մի հոգևորականի մոտ, որի պաշտոնն է քարոզել գթություն. ողորմածություն և խիղճ, որի կոչումն է ներել թշնամուն, որին ծանոթ չէ ոխը, ատելությունը, նախանձը,– Ես դիմում եմ ձեզ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտի և նրա վարդապետությունը ժողովրդին քարոզողի, նույն Հիսուս Քրիստոսի, որ ասում էր. երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Ողորմեցեք մեզ, սրբազան, ընկած մարդուն այլևս ոտքով չեն խփում. Բեկը կընդունե ձեր խորհուրդները. օգնեցեք ինձ խնդրել նրանից, որ դադարեցնեն կոտորածը։ Այդ մարդիկը, թեև ձեր կրոնից չեն, բայց աստուծո ստեղծածներ են։ Աստծուն շատ հաճելի չի լինի, երբ անասունների, միջատների հետ անգամ անգթությամբ են վարվում։

– Ձեր խոսքերը շատ գեղեցիկ են, վեզիր,– պատասխանեց սրբազանը նրան ուշադրությամբ լսելուց հետո.– և ես ուրախ եմ, որ դուք այնքան կարդացած եք երևում, որ լավ ըմբռնել եք մեր կրոնի ոգին։ Բայց այն բանը, որ կոչում եք անգթություն, դուք ինքներդ սովորեցրիք մեզ։ Վարժապետը չի պիտի նախատե իր աշակերտին, երբ նա նույնն է գործում, ինչ որ սովորել է իր վարպետից։

– Ինչպե՞ս մենք սովորեցրինք,– հարցրեց վեզիրը։

– Այո, դուք սովորեցրիք, ես այս րոպեիս կբացատրեմ ձեզ։

Այդ դաստիարակությունը կատարեցիք դուք բոլորովին անգիտակցաբար, ոչ թե մի տարվա մեջ, այլ շատ դարերի ընթացքում։ Դուք մի մոռացեք, որ դուք մի գաղթական հյուր եք մեր երկրում, այն անշնորհակալ հյուրերից մեկը, որ տան տիրոջը սպանում է, իսկ ինքը սկսում է տաքանալ նրա օջախի կրակովը։ Այդ սպանությունը գործեցիք դուք։ Այս երկիրը պատկանում է մեր նախնիքներին։ Այստեղ մենք ունեինք մեր թագավորությունը, մեր իշխանությունը. Բոլորը ոչնչացրիք դուք։ Մեր հայրենիքում մի քար չէ մնացել, որ դուք չներկեիք մեր պապերի արյունով, մեր հայրենիքում մի տաճար չէ մնացել, որ դուք հարյուր անգամ քանդած չլինեիք։ Որքան կամեցաք՝ կոտորեցիք, որքան կամեցաք՝ ոչնչացրիք։ Հայաստանի երեսուն միլիոն հայ բնակիչներից թողեցիք հինգ միլիոն միայն, այդ ևս այն մտքով, որ նրանց կենդանի մահացնեք, որ նրանց մերկ ու քաղցած թողնեք, իսկ ինքներդ նրանց աշխատանքով ապրեք կարողանաք։ Դուք Ջանկիզ-խանի, Մանգո-խանի, Հալուգո-խանի, Լենկ-Թեմուրի և այլ այդ տեսակ հրեշների