շարժման ժամանակ ճընկճընկում էին, մելոդիական մեղմ ձայներ կին արձակում։ Մի ծիտ, մի աղավնի օդի միջով անցնելու ժամանակ, նրանք իսկույն բաց էին անում իրանց լայն թևքերը և նետի նման սլանում էին դեպի վեր, որ բռնեն, որ գիշատեն նրան։ Բայց մետաքսյա ոտնակապը կրկին ցած էր քաշում նրանց և նստեցնում էր երկաթյա թառիկների վրա։ Այս շատակեր թռչուններին շատ չէին կերակրում, և միշտ անհագ էին պահում, որ որսորդության ժամանակ ավելի սաստիկ ախորժակ ունենան բռնելու և գիշատելու։ Այսպես պահում էր խանը և իր ծառաներին, այսպես պահում էր և իր որսորդական շներին։ Այս վերջինները՝ թե՛ շները և թե՛ ծառաները, թիվ չունեին։ Այնտեղ կարելի էր տեսնել արագավազ բարակներ՝ թանկագին վզնոցներով, որոնց նուրբ կազմվածքը բաղկացած էր միայն ամուր ոսկրներից, զորեղ մկնակներից և կարճ մազերով պատած կաշուց. կարծես մսի մի փոքրիկ քանակությունն անգամ դրանց մարմնի մեջ կարող էր արգելել այդ թեթևաշարժ անասունների սրընթացությունը։ Այնտեղ կարելի էր տեսնել փոքրիկ, կատվի չափ, խորամանկ, չարաճճի թուլաներ, որոնք սատանայի նման ամեն ծակ կարող էին մտնել, որոնք հոտոտալով կարող էին գտնել թաքնված երեի հետքը։ Այնտեղ կարելի էր տեսնել լայնականջյա եվրոպացի շներ, որոնք թե՛ ցեղով և թե՛ սովորությամբ ասիականացել էին և ավելի գազանային բնավորություն էին ստացել։ Այնտեղ կային թանձր մազերով, ահագին, գայլանման գամփռներ, որ մի հարվածքով կարող էին ջարդել ամենազորեղ եղջերվի մեջքը, և իրանց ճանկերի մեջ կարող էին խեղդել ամեհի վարազին։ Ծառաները, թե՛ իրանց հոգեկան և թե՛ բարոյական հատկություններով ամենևին չէին զանազանվում շներից։ Զանազանությունը միայն նրա մեջ էր, որ շները որսում էին իրանց նման անասուններ, իսկ ծառաները որսում էին իրանց նման մարդիկ։ Ամենի մեջ տիրում էր միևնույն անգթությունը, միևնույն գազանային անհագությունը արյուն լափելու...
Բոլոր ծառաները հագած ունեին սև ղադաքից արխալուղ, իսկ նրա վրա տեղային կոշտ մահուդից կարված մուգ-մոխրագույն գեյմա․ մեջքները պնդած էին կաշյա գոտիով՝ զարդարած արծաթյա կապանքներով, որից քարշ էր ընկած լեզգու դաշույնը։ Գլխներին դրած ունեին գառան մորթից կարած ահագին փափախներ, իսկ ոտներին հագած ունեին տրեխներ կաշյա զանկապաններով։ Կեղտոտությունը, անմաքրությունը տիրում էր նրանց վրա։ Ինչպես վայրենի խափշիկները որևիցե յուղալի բան ուտելու ժամանակ