– Բարությունը և առաքինությունը պետք է վարձատրել,– պատասխանեք սրբազանը։– Բայց նախքան խոստանալը, թե կարող եմ կատարել ձեր խնդիրքը, ես հարկավոր եմ համարում մի բան հարցնել ձեզանից, հուսով եմ, որ անկեղծությամբ կպատասխանեք։
– Հարցրեք։
– Դուք ի՞նչ տեսակ հարաբերություններ կպահպանեք մեզ հետ մեր այդ բոլոր կռիվներից, մեր հաղթություններից հետո։
– Ես կմնամ ձեզ անհաշտ թշնամի։
– Իսկ հայ ժողովրդի՞ վերաբերությամբ։
– Կաշխատեմ կրկին մեր իշխանության տակ ձգել։
– Իսկ մահմեդական ժողովրդի՞ վերաբերությամբ։
– Կաշխատեմ նրանց գրգռել ձեր դեմ, որ թոթափեն օտարի լուծը։ Հուսով եմ, որ դուք չեք դատապարտի իմ մեջ այդ սերը դեպի իմ կրոնակիցները, որովհետև միևնույն սերը ունեք դուք ձեր ժողովրդի վերաբերությամբ։
– Ես հարգում եմ ձեր անկեղծությունը,– ասաց սրբազանը.– բայց դուք մի րոպե առաջ խոստովանվեցաք, որ ձեր նախնիքը հայեր են եղել։
– Իսկ ես մահմեդական եմ և իմ կրոնի նախանձախնդրությունն ունիմ։
– Ձեր կրոնը ձեզանից ոչ ոք չէ խլում. բայց դուք ազգով հայ եք։
– Մահմեդականության մեջ ազգ չկա. ամբողջ իսլամը մի ժողովուրդ է կազմում։
Սրբազանը փոքր–ինչ մտածելուց հետո, ասաց.
– Լավ, ես ցանկություն չունեմ բռնանալ ձեր համոզմունքների վրա, թեև նրանք ծուռ ու սխալ են։ Խոստանում եմ օգնել ձեզ և Բեկին ընդունել տալ ձեր խնդիրքը, միայն այն պայմանով, որ դուք հենց այս օրից թողնեք մեր տիրապետած երկիրը։
– Այդ պայմանը ես ընդունել չեմ կարող։
– Բայց եթե Բեկը լսելու լինի ձեր վերջին խոսքերը, ձեզ գլխատել կտա։
– Ինձ համար միևնույն է, թող ինձ գլխատել տա, բայց խնայե մնացածներին։
Մինչ այդ խոսակցության մեջ էին, նկատեցին, որ բանակի մյուս ծայրից հայտնվեցավ Բեկը, նստած իր ձյունի պես սպիտակ