Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա դուրս եկավ իր վրանից և սկսեց գնալ ծերունի վեզիրի ետևից։ Արեգակը բավական բարձրացել էր հորիզոնի վրա, բայց ձորի անտառապատ խորության մեջ տակավին ջերմություն չէր զգացվում։ Վաղորդյան խոնավ գոլորշիները բարձրանալով ծմակների միջից, տեղ–տեղ բամբակի ահագին կտորտանքի նման խտանում էին և ձյունափայլ մառախուղի ձև էին ստանում։ Ամենուրեք տիրում էր լռություն և անդորրություն. այլևս չէին լսվում գիշերային հրացանաձգությունների ձայները։

Բեկը, աչքերը հառած դեպի բերդը, երկու ուղեկիցների հետ, առաջ էր գնում։ Նրա սառն դեմքի վրա չէր երևում ոչ հաղթողի ուրախությունը և ոչ էլ անբավական մարդու դժգոհությունը, այլ մի տեսակ խորին մտածություն, որը, կարծես, արտահայտելիս լիներ այս միտքը. «Լավ է, այդ բոլորը շատ լավ է, բայց դրանից հետո ի՞նչ պետք է անել...»։

Նա դարձավ դեպի Մխիթար սպարապետը, ասելով․

– Այդ բերդը բավական հոգնեցրեց մեզ. նա միշտ կմնա այդ ճանապարհի վրա որպես մի դժվարարձակելի հանգույց և որպես մի մեծ խոչընդոտ, եթե նրան ողջ թողնելու լինենք։ Պետք է այդ հանգույցը բոլորովին ոչնչացնել։

– Ինչո՞ւ ոչնչացնել,– պատասխանեց սպարապետը․– քանի որ թշնամու ձեռքումն էր, նա կարող էր մեզ խոչընդոտ լիներ իսկ այժմ, երբ ընկավ մեր ձեռքը, նույն ծառայությունը կարող է մատուցել և մեզ։

– Այդ իրավ է։ Բայց ես նպատակ ունեմ շինել տալ մի նոր բերդ, այստեղից հեռու, մի ավելի հարմար դիրքի վրա․․․

Դեռ չավարտած իր խոսքը, Բեկը նկատեց, որ մի մարդ բռնեց նրա ձիու սանձը, ասելով․

– Իշխան, խնդիրք ունեմ․․․

Բեկը կանգնեցրեց իր ձին։ Նա չոքեց գետնի վրա, և արտասվալի աչքերով ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, ասաց․

– Աստված իր քաջերին հաղթություն է շնորհում և նրանց հզոր ձեռքը բարձրացնում է ազգերի ու ժողովուրդների վրա։ Նրանց ձեռքով խորտակում է ամենակալը՝ իշխողների գավազանը և ոչնչացնում է նրանց զորությունը,– այն իշխողների, որ ոտնակոխ են անում աստուծո սահմանած օրենքները, որոնց հիմքն է արդարությունը, որը կշիռն է ամեն իրավունքների։ Դուք, իշխան, արդարադատի բարկության սուրն եք, որով կամեցավ նա