Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարազատների շիրիմների վրա խունկ ծխելու, աղոթելու,– ամեն անգամ, երբ մշակը գնում է դաշտը վար վարելու, նրանք անցնում են այդ մենավոր գերեզմանի մոտով, անցնում են թքելով նրա վրա և անեծք կարդալով։

Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է մեկ ու կես դար, բայց ժողովուրդը դեռ չէ ներել նրան։ Ժողովուրդը միշտ անիծում է նրան։ Հարցրու պատահած մարդից, թե մանուկ կլիներ նա և թե ալևոր,– ումն է պատկտնոմ այդ նզովյալ գերեզմանը։ Նա քեզ կպատասխանե.

– Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է. հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին։ Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար։

Հետո ձեր խոսակիցը ավելի հեռու կգնա պատմական մանրամասների մեջ ու ձեզ կասե.

– Տեսնո՞ւմ եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում․– դրանք մի ժամանակ շեն էին և պատկանում էին հենց այդ դավաճանին։ Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին։

– Ովքե՞ր քանդեցին։

– Մեր պապերը,– կպատասխանե նա.– դավաճանը մեր երկրին շատ վնասներ է տվել, դրա համար էլ սպանեցին նրան։

Հետո կավելացնե նա այնքան հետաքրքիր պատումներ «դավաճանի» մասին, որոնք մոռացված են մեր գրավոր պատմության մեջ, բայց հարյուր հիսուն տարի կենդանի մնացին ժողովրդի հիշողության մեջ և գուցե երկար կենդանի կմնան։

Մելիք Ֆրանգյուլին հարկ չկա նորից ներկայացնել մեր ընթերցողներին, որովհետև նրանք ծանոթ են այդ չարագործի հետ մեր վեպի առաջին գրքի մեջ։ Բայց այն օրից շատ փոփոխություններ պատահեցան նրա կյանքի մեջ, այդ փոփոխությունները մենք կպատմենք մի քանի խոսքով միայն։

Ընթերցողը հիշում է, որ մելիք Ֆրանգյուլը Բարգյուշատի կառավարությունը ստանալու համար, Չալաբիան կոչված թուրք ցեղի իմամի մոտ ընդունեց մահմեդականություն և իր աղջիկը խոստացավ նրան կնության տալ։ Իմամի միջնորդությամբ Ֆաթալի խանից ստացավ նա Բարգյուշատի մելիքությունը։

Ծերունի իմամը իր դերվիշի հրաշալի մաջուններով աշխատում էր վերադարձնել իր մանկությունը, որ մելիքի գեղեցիկ աղջկա