– Մնացած բնակիչներն ի՞նչ եղան։
– Հայերին գաղթեցրին ուրիշ տեղ [1] Իսկ թուրքերին հրամայեցին հեռանալ դեպի Պարսկաստան [2]
Մելիքի վրդովմունքը հետզհետե սաստկանում էր, նա անդադար մատներով գզգզում էր իր երկայն մորուքը, որ թուրքերի սովորության համեմատ ներկած էր հինայով։
Նա դարձյալ կանգնեց իր լրտեսի առջև, հարցնելով.
– Բերդը ոչնչացնելուց հետո Բեկի զորքերը ո՞րտեղ գնացին։
– Գնացին դեպի զանազան կողմեր նոր հաղթություններ անելու համար։
– Կարո՞ղ ես առանձին–առանձին պատմել ինձ, թե զորապետներից որը ո՛ր կողմ գնաց։
– Ինչո՞ւ չեմ կարող, – պատասխանեց լրտեսը, պարծենալով իր բերած տեղեկությունների վրա։– Ինքը Բեկը Մխիթար սպարապետի և Ներսես սրբազանի հետ գնացին Որոտնա բերդի վրա։ Մելիք–Փարսադանին, Ավթանդիլ գնդապետին և Պապ զորապետին ուղարկեցին դեպ Գենվազի կողմերը։ Մեղրին տիրելու համար։ Իսկ Թորոս իշխանին ուղարկեցին դեպի մեր կողմը։
– Ուրեմն իմ հին թշնամուն իմ դեմ են ուղարկել...– ասաց նա ատամները կրճտացնելով։
Թորոս իշխանը և մելիք Ֆրանգյուլը տոհմային թշնամություն ունեին միմյանց հետ, որ ժառանգել էին իրանց պապերի ժամանակից։ Նրանց թշնամությունը ավելի սաստկացավ, սկսյալ այն օրից, երբ մելիք Ֆրանգյուլը մահմեդականություն ընդունելով, մտավ Ֆաթալի խանի պաշտպանության ներքո և սկսեց Թորոս իշխանի երկրի վրա հարձակումներ գործել։ Թորոս իշխանի երկիրը Չավնդուրի գավառը, սահմանակից էր Բարգյուշատին, ուր իշխում էր մելիք Ֆրանգյուլը։
– Թորոսի հետ այլևս ովքե՞ր կան,– հարցրեց մելիքը րոպեական մտածությունից հետո։
– Թորոսի հետն է՝ իշխան Ստեփաննոս Շահումյանը, Մելիք–Փարսադանի որդի Բալի զորապետը և Թորոսի ազգական Մելիք–Նուբարը։
- ↑ Հին Զեվուի հայ բնակիչները, այդ բերդի ավերակ դառնալուց հետո, գաղթեցին Բարգյուշատր Մուղանջիկ կոչված մասում, հիմնեցին նոր Զեվուն, որ մինչև այսօր գոյություն ունի։
- ↑ Իսկ նույն բերդի թուրք բնակիչները անցան Երասխը, գնացին Պարսկաստան և Մարանդի գավառում հիմնեցին մի նոր գյուղ, որը մինչև այսօր էլ կոչվում է Զեյվա կամ Զեվու