Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարգանքը մատուցանելու այն ավերակներին, ուր կանգնած էր մի ժամանակ նրանց պապերի սրբության տաճարը։

– Մայրիկ, դու ինձ թույլ կտա՞ս, որ ես էլ գնամ, այդպես չէ՞,– հարցրեց Ֆաթիման, դարձյալ ընկնելով մոր կուրծքի վրա։– Նայիր, արդեն հավաքվել են... հիմա կսկսեն...

Վերջին խոսքերի միջոցին Ֆաթիման վեր կացավ, վազեց դեպի սենյակի այն լուսամուտը, որ ուղիղ բացվում էր դեպի վանքի ավերակները, և բարձրացնելով վարագույրը, ուրախությամբ ցույց տվեց.

– Նայիր, նայիր, հավաքվել են, մայրիկ։

Մայրը նայեց դեպի այն կողմը, բայց շուտով չպատասխանեց։ Ֆաթիման կրկին դարձավ դեպի մայրը աղերսական դեմքով․

– Թույլ տվեցեք գնամ, մայրիկ, այնտեղ կտեսնեմ Մարիամին, Հռիփսիմեին, Գոհարին, դրանք շատ լավ աղջիկներ են. ինձ ասացին, որ իրանք էլ կլինեն այդ տոնին։

– Ովքե՞ր են այդ աղջիկները, դու ո՞րտեղից ես ճանաչում նրանց,– հարցրեց մայրը։

– Արծվանիկից են,– պատասխանեց Ֆաթիման.– երբ ես գնում եմ անտառը ման գալու, շատ անգամ պատահում եմ նրանց։ Շատ լավ աղջիկներ են, ինձ համար պտուղներ են քաղում, ծաղիկներ են քաղում։ Ես նրանց հետ նրանց լեզվով եմ խոսում, նրանք թուրքերեն չեն իմանում։ Ես հիմա բոլոր բույսերի, ծառերի, ծաղիկների, պտուղների անունները հայերեն լեզվով իմանում եմ, որը չեմ իմանում, հարցնում եմ, նրանք ինձ ասում են։

Մայրը գրկեց իր դստերը և մի առանձին սիրով համբուրեց նրան։ Ֆաթիման նկատելով, որ իր պատմությունը դուր է գալիս մորը, շարունակեց.

– Քանի օր առաջ Հաֆիզան ինձ հետ էր, երբ անտառում պատահեցինք այն հայ աղջիկներին։ Ես սկսեցի նրանց հետ նրանց լեզվով խոսել. Հաֆիզան ինձ ասա․– «Ամոթ չէ՞, օր խոսում ես գավուրների լեզվով»։

– Դու Հաֆիզային ականջ մի դիր, զավակս, նա խելացի աղջիկ չէ,– պատասխանեց մայրը, ուղղելով մի քանի մազեր, որ անկարգ կերպով ընկել էին նրա ճակատի վրա և խանգարում էին կամարաձև հոնքերի գեղեցկությունը։

– Այո՛, նա խելացի աղջիկ չէ, նա գիժ է,– ավելացրեց Ֆաթիման։– Լսիր, մայրիկ, ինչ պատահեց մի անգամ, անտառից վերադառնալու ժամանակ անցանք այդ եկեղեցու ավերակների