Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնալ, միայն պատվիրեց, որ շատ չուշանա և շուտով վերադառնա։

– Մենակ մի գնա,– ասաց նրան,– աղախնին քեզ հետ տար։ Կանչիր այստեղ Փերիին։

Այսպես էր աղախնի անունը. դա տիկնոջ հին սպասավորներից մեկն էր, մի օրիորդ, որին մենք վաղուց արդեն ճանաչում ենք։ Երբ հայտնվեցավ նա, տիկինը հրամայեց, որ Ֆաթիմային տանե հայերի տոնախմբության տեղը և նրա հետ միասին վերադառնա։

– Չմոռանաս,– ասաց նրան,– ներքինապետ Ահմեդին հայտնել, որ ինձ մոտ գա։

Ֆաթիման ուրախությամբ Փերիի հետ դուրս գնաց։ Տիկինը մնաց միայնակ։ Նա ցանկանում էր միայնակ մնալ, դրա համար էլ հեռացրեց աղախնին։

Տիկինը չհեռացավ լուսամատից, որի մոտ առաջ նստած էր։

Նա անհամբերությամբ սպասում էր ներքինապետին։ Նրա մտքից դուրս չէր գալիս սև ջորու վրա նստած մարդը։ «Ի՞նչ գործ ունի այսպես վաղ առավոտյան այդ անիծյալը մեզ մոտ...»– դարձյալ կրկնեց նա իր մտքում։

Քառորդ ժամից հետո հայտնվեցավ ներքինապետը։ Նա բոլորովին ծերացել էր. տարիքը այն աստիճան հալել, մաշել էր նրան, որ առանց դրան ևս փոքրիկ Ահմեդը, այժմ զառամյալ երեխայի կերպարանք էր ստացել։

– Դուք ինձ կանչե՞լ էիք, տիկին,– հարցրեց նա, զգուշությամբ ներս մտնելով, և խոնարհ կերպով գլուխ տալով։

– Այո, կանչել էի։ Բայց ինչո՞ւ ուշացար,– հարցրեց տիկինը։

– Ինձ ուշացրեց իմ հետաքրքրությունը,– պատասխանեց ծերունին։– Մելիք Ֆրանգյուլը եկավ խանի մոտ։ Ես մտածեցի, թե էլի մի սատանայություն կունենա, որ այսպես վաղ առավոտյան գալիս է խանի մոտ։ Աշխատում էի մի բան հասկանալ։

– Ես էլ հենց դրա համար կանչել տվի քեզ։

– Դուք տեսա՞ք նրան։

– Լուսամատից տեսա. իր սև ջորու վրա նստած, գալիս էր։– Ինչո՞ւ է եկել։

– Ոչինչ հասկանալ չկարողացա։ Խանը դեռ քնած էր, երբ նա եկավ, ինձ հայտնեց, թե շատ հարկավոր գործ ունի, ցանկանում է խանին տեսնել։ Ես պատասխանեցի, թե խանը քնած է,