Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք գյուղացիներ էին, որ կռիվ էին ունեցել ուրիշ գյուղացիների հետ, մի քանիսը վիրավորված էին, և վերքերի արյունը տեսնվում էր նրանց հագուստի և երեսների վրա։

— Ֆարրաշբաշի,— հրամայեց խանը իր ժանդարմների գլխավորին,— մարդիկ կուղարկես, բռնել կտաս այն չարագործներին, և քանի հոգի որ լինեն, յուրաքանչյուրից քսան թուման ջարիմա (տուգանք) առնել կտաս, լավ պատժելուց հետո։ Գանգատավորները գետինը համբուրելով, սկսեցին գոհություն հայտնել և օրհնել խանի կյանքը։ Խանը անցավ։

— Ձեր ոտներին մատաղ լինեմ,— ասաց ֆարրաշբաշին հազիվ լսելի ձայնով.— մյուս գյուղացիների մեջ նույնպես վիրավորներ կան և երկու հոգի սպանված են...

— Այդ միևնույն է,— պատասխանեց խանը,— որովհետև դրանք առաջ գանգատվեցան, պետք է դրանց դատը վճռել, հետո կլսեք, թե մյուսները ինչ են ասում...

Պարսկական դատաստանի կետից շատ ճիշտ էր խանի վճիռը։ Երկու գյուղի մարդիկ միմյանց հետ կռվել էին. մի կողմը շտապեց, գանգատվեցավ և բավականություն ստացավ։ Երբ կհայտնվեր մյուս կողմը, նրան էլ «կլսեին», այն ժամանակ առաջինների պատիժը գուցե ավելի սաստիկ լիներ. և այսպիսով երկու կողմն էլ «ջարիմա» վճարած կլինեին, և այդ ավելի օգտավետ էր խանի գանձարանին։

— Խան, քո ոտներին մատաղ, խնդիր ունենք...— ձայն տվեցին մի քանի հոգի, որոնք նույնպես ճանապարհի եզրի վրա չոքած համբուրում էին գետինը։

Դրանք նույնպես գյուղացիներ էին, որոնց ոչխարները գողացել էին, բայց գողը հայտնի չէր. ոչխարների տերերը «կասկած» էին հայտնում գող թերիմի վրա, ասում էին նրա գործն է։ Խանը հրամայեց թերիմին կալանավորել, ոչխարները առնել իրանց տերերին հանձնել, և հիսուն թուման էլ «ջարիմա» առնել թերիմից հօգուտ գանձարանի։ Արդյո՞ք թերիմը հանցավոր էր այդ գողության մեջ, թե ոչ,— քննություն չեղավ։ Քննությունը միշտ մնում էր վճռից հետո։ Այսինքն, երբ թերիմից ոչխարները կառնեին գյուղացիներին կհանձնեին, և հիսուն թուման էլ «ջարիմա» կառնեին հօգուտ գանձարանի,— այնուհետև երբ կհայտնվեր, որ թերիմը մեղավոր չէ, այն ժամանակ կրկին ոչխարները գյուղացիներից կառնեին և կտային Քերիմին, և հիսուն թուման էլ նրանցից «ջարիմա» կառնեին, որովհետև սուտ ասեցին։ Այսպիսով