Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղորդություն չեն տալիս, բայց ես խոստովանության նշանակության մասին եմ հարցնում։

– Հա՛, իմանում եմ, դուք խոստովանության նշանակության մասին եք հարցնում,– կրկնեց քահանան։– Խոստովանությունը մի այդպիսի բան է. մարդիկ գալիս են չոքում են քահանայի առջև (ինչպես ես մի րոպե առաջ չոքած էի) գլուխները խոնարհեցնում են. հետո խոստովանվում են։ Դրանից հետո արժանանում են Հիսուս Քրիստոսի մասն ու պատարագին։

Այդ խոսքերը արտասանելու ժամանակ նա խաչակնքեց իր դեմքը։ Չնայելով, որ տեր հոր վերջին պատասխանը համարյա միևնույնն էր, ինչ որ առաջինը, միայն ուրիշ դարձվածներով, այսուամենայնիվ, մելիքը գոհ մնաց դրանով և առաջարկեց մի երկրորդ հարց։

– Կարծեմ խոստովանահայր քահանան պարտավոր է որպես խորին գաղտնիք պահել իր լսածները, այդպես չէ՞, տեր հայր։

– Հա՛, որդի, այդպես է, պետք է որպես խորին գաղտնիք պահե, եթե ուրիշին ասելու լինի, մե՞ծ պատիժ կա։

– Ի՞նչ պատիժ։

– Սուրբ Ավետարանի մեջ գրված է․ Երբ տերն մեր Հիսուս Քրիստոս, ամպերի վրա նստած, կգա ահեղ դատաստան անելու, այդ տեսակ քահանաների գլուխները կհավաքեն և ցորենի հատիկների նման մի ահագին երկանաքարի տակ կաղան։

– Այդպես է, փառավորվիս, տեր հայր,– ասաց մելիքը, հաստատելով նրա բացատրությունները։– Հիմա խոսենք գործի վրա։ Ես պատվիրել էի գզիրին, որ ձեզ ասե՝ մի խաչ և Ավետարան բերեք ձեզ հետ։

– Բերել եմ, որդի, այստեղ ծոցումս է,– ասաց քահանան, ձեռքը տանելով դեպի իր հագուստի լայն ծոցը, որ ծառայում էր նրան որպես պահարան ամեն տեսակ բաներ պահելու համար։ Այնտեղից դուրս բերեց մի մեծ խաչ և Ավետարան, որ փաթաթած էր գունավոր թաշկինակի մեջ։

– Շնորհակալ եմ, տեր հայր,– ասաց մելիքը, համբուրելով խաչն ու Ավետարանը։– Հիմա լսեցեք իմ հանձնարարությունը. ես ձեզ ուղարկելու եմ մի մարդու մոտ։

Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ տեսավ, որ մահմեդականություն ընդունած մելիքը համբուրեց իր խաչն ու Ավետարանը։ Նա մեծ հոժարությամբ պատասխանեց.