հիշատակը, որը նույնքան պաշտելի է ինձ համար, որքան ձեզ համար»։
Նամակի ընթերցումից հետո տիրեց խորին լռություն։ Զորապետներից յուրաքանչյուրը մտածության մեջ էր» Վերջը Թորոս իշխանը ընդհատեց լռությունը, հարցնելով․
– Ի՞նչ կարծիք ունեք այդ նամակի մասին։
Պատասխանը շուտով չստացվեցավ։ Նամակը այն աստիճան պարզությամբ և միևնույն ժամանակ վարպետությամբ էր գրված, որ դժվար էր իսկույն կարծիք հայտնել։
– Ինչո՞ւ եք լռում,– կրկին հարցրեց Թորոս իշխանը։
– Ես անկեղծություն չեմ գտնում այդ նամակի մեջ,– պատասխանեց իշխան Ստեփաննոս Շահումյանը։
– Ես էլ նույնպես,– ասաց Մելիք–Փարսադանյան Բալի զորապետը։
Մելիք–Նուբարը ոչինչ չխոսեց։
– Ես ձեր երկուսի հետ ևս համաձայն կլինեի,– ասաց Թորոս իշխանը, նամակը մի կողմ դնելով.– ես ոչինչ նշանակություն չէի տալ մելիք Ֆրանգյուլի երդմանը, ուղարկած խաչին և Ավետարանին, որովհետ և նա մի այնպիսի մարդ է, որի համար սուրբ բան չկա։ Բայց ինձ հետաքրքրում է մի բան միայն։
– Ի՞նչ բան,– հարցրեց իշխան Շահումյանը։
– Քահանայի պատմությունը խանի մարդիկների հարձակման մասին մելիքի տան վրա, նրա տան մեջ կատարված խուզարկությունները, նրա փախուստը և այլն։ Այդ բոլորը ցույց է տալիս, որ մելիքը ոչ միայն խանի հետ իր կապերը խզած է, այլ իր վրա հրավիրել է և նրա կասկածը։
– Քահանան կարող էր այդ պատմությունը ինքը հնարել,– նկատեց Մելիք–Փարսադանյանը։
– Քահանային ես ճանաչում եմ,– պատասխանեց Թորոս իշխանը նա այնքան միամիտ, պարզ և մինչև անգամ հիմար մարդ է, որ ոչինչ պատմություն հնտրելու շնորհք չունի։ Նա պատմում էր այն, ինչ իր աչքով տեսել է։
– Այդ ավելի վատ է, որ նա հիմար է,– ասաց Մելիք–Փարսադանյանը,– որովհետև հիմարներին խոսքի մեջ բռնել ավելի դժվար է, քան թե խելոքներին։ Հիմարը միշտ հիմարություն է ասում, բայց երբ խելոքը միանգամ միայն հիմարություն է խոսում, իսկույն նկատվում է։
Իշխան Շահումյանը ասաց.