թվում չենք կարող։ Դու պետք է առանձին գործես։ Միանալ կարոդ ես մեզ հետ միայն կռվից հետո։
Իշխանը դեռ չավարտած իր խոսքը, նրա թիկնապահներից մեկը ներս մտավ, հայտնեց, թե մի անծանոթ մարդ կամենում է ներկայանալ։
– Չէ՞ ասում, թե ով է։
– Չէ ասում, պատասխանում է, թե ինձ միայն իշխանը պետք է ճանաչե։
– Ներս թողեցեք։
Վրանը շրջապատող պահապանները զինաթափ արեցին նրան և ներս տարան։ Բոլորի վրա տիրեց զարմացում։ Անակնկալ այցելուն ինքը՝ մելիք Ֆրանգյուլն էր։ Նա մտնելով վրանի մեջ, ոտքի վրա կանգնած, խոսեց.
– Ես հետո մտածեցի, որ իմ ձեզ մոտ ուղարկած պատգամավորությունը կարող էր այն հաջողությունը չունենալ, ինչ որ ես սպասում էի, դրա համար ավելի բարվոք համարեցի անձամբ դիմել ձեր բանակը, իմ լեզվով արտահայտելու հպատակությանս հավաստիքը։ Այդ մասին պետք է շնորհակալ լինել Ֆաթալի խանին, որը այնքան անխոհեմ գտնվեցավ, որ ինձ փախցրեց իմ ամրոցից։ Այժմ ձեր առջև կանգնած է մի հին հանցավոր, կամ, հրամայեցեք նրան գլխատել, կամ ներումն շնորհելով, ընդունեցեք նրա մատուցած լուման մեր աշխարհի ընդհանուր զոհաբերության գանձանակի մեջ։
– Նստեցեք, մելիք,– ասաց Թորոս իշխանը, նրան տեղ ցույց տալով։
– Ես չեմ նստի, մինչև իմ վիճակը չվճռվի,– պատասխանեց նա, տեղից չշարժվելով։
– Նստեցեք,– կրկնեց իշխանը այժմ ավելի մեղմ ձայնով։
Նա նստեց ցույց տված տեղում, Թորոսի մոտ։ Այդ միջոցին Ստեփաննոս Շահումյանը վրդովված կերպով վերկացավ և անխոս դուրս եկավ գլխավոր հրամանատարի վրանիցը։ Նրա վրդովմունքը բոլորը նկատեցին։
Նրա երկու հավատարիմ, անբաժան զինակրները՝ Ջումշուդը և Աղասին դրսում սպասում էին իրանց պարոնին։ Երբ նա հայտնվեցավ, զինակրներից մեկը նրա առջևն ընկած, մյուսը ետևից գնալով, առաջնորդեցին նրան դեպի իր վրանը։
Մթին գիշեր էր։ Նորածին լուսինը վաղուց արդեն մայր էր մտել։ Նրանք անցան բանակի միջով և եկան այնտեղ, ուր