Բոցերի և թանձր ծխի միջից երևում էին մի քանի մարդիկ․ մայրը գրկել էր իր երեխան, ծերունի հայրը ընկած էր որդու բազուկների վրա. մի քանիսը, անշարժ կանգնած, ձեռքները դեպի երկինք բարձրացրած, գոչում էին՝ «գթությո՜ւն... գթությո՜ւն»... մի քանիսը ընկած էին գետնի վրա, ձայն չէին հանում... Տեսարանը սոսկալի էր։ Այրվում էին կենդանի մարդիկ։ Այրվում էին ամբողջ մարմնով, յուղի մեջ թաթախված պատրույգների նման։ Ոչ ոք չէր մոտենում այդ տարօրինակ հրդեհը շիջուցանելու համար։ Նա պիղծ էր, նա կարող էր ուղղափառ մահմեդականին պղծել։ Բոցերը փոքր առ փոքր լափում էին նրանց և կանգնածները գլորվում էին ցած։ Մի մարմին ընկնում էր ուրիշ մարմնի վրա և ձևացնում էր դիակների մի կույտ — մի մարդկային խարույկ, որ ավելի հեշտ կարող էր վառվել։ Բոցերի միջից դեռ լսելի էին լինում խուլ հառաչանքներ, շարժվում էին ձեռքեր, որ բարձրանում էին դեպի սառնասիրտ երկինքը... Մեղմ քամին տարածում էր ճենճերային խանձահոտությունը դեպի ամեն կողմ։ Դա մի կատարյալ մարդազոհ էր, որ նվիրվում է աստվածներից ամենաանգութին։
Այրվում էին կանայք, երեխաներ, այրվում էին ալևորներ և առույգ տղամարդիկ։ Այդ սարսափելի ողջակեզը կարող էր ամեն մարդու վրա սոսկալի տպավորություն գործել, բայց խանի մեջ նա բարձրացրեց ծիծաղ և մի տեսակ գազանային զվարճություն։ Նա առանց ժպտելու չէր կարողանում նայել այդ սիրտ կտրատող տեսարանի վրա, որպես Ներոնը նայում էր Հռոմի հրդեհին։ Նա զարմանում էր այդ թշվառների սատանայական հնարագիտության վրա, թե ինչ խորամանկ միջոց էին ընտրել դարձնելու իրենց վրա խանի բարձր ուշադրությունը։ Նրանք գանգատավորներ էին։ Մի քանի ամբողջ ամիսներ դեգերվում էին խանի չադրների մերձակայքում, բայց ոչ ոք թույլ չէր տալիս նրանց մոտենալ և իրանց գանգատը հայտնել խանին։ Հուսահատությունը ստիպեց դիմել այսպիսի սոսկալի ձեռնարկության։ Նրանք օծեցին իրանց մարմինը և հագուստը նավթով, նրանք անցկացրին իրանց պարանոցը նույնպես նավթի մեջ թաթախված հասիրներ, և կրակ տվեցին...
Այդ բոլորը խիստ ծաղրաշարժ էր թվում խանին։
Մարմինները դեռ ծխում էին։ Թանձր մուխը պատել, պաշարել էր նրանց։ Երբեմն միայն բարակ լեզուների նման հայտնվում էին բոցերի գունատ շառավիղներ, դողդողում էին, պտույտվում էին և իսկույն մարում էին ծխի թանձրության մեջ։ Դրանք թշվառ