Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Եթե դուք գիտենայիք այդ մի քանի շաբաթներից հետո կատարվող կռվի հետևանքը ձեր անձի վերաբերությամբ, այդպես արհամարհանքով չէիք վերաբերվի դեպի ձեր ճակատագիրը.

– Ի՞նչ հետևանք։

– Իմ լեզուն չէ զորում արտասանելու համար։

– Ասացեք, ես սրտի ամրություն ունեմ։

– Ապագա կռիվը կվերջանա ձեր մահով․․․

Խանը ընկավ մտածության մեջ։

– Եթե ցանկանում եք այդ մահը հեռացնեք ձեզանից, դուք այժմ պետք է հաշտվեք թշնամու հետ, – ավելացրեց դերվիշը։

Խանը սկսեց ծիծաղել։

– Սիրելի դերվիշ,– պատասխանեց նա, – դուք գուշակում եք ապագայի մասին, մինչև ապագայում կատարվող կռիվը դեռ բավական ժամանակ կա, թեև կարճ ժամանակ։ Բայց այդ կարճ միջոցում ևս կարող են շատ փոփոխություններ պատահել։ Գուցե այն ժամանակ ձեր գնդակները բոլորովին ուրիշ կերպ ցույց կտան։

– Տացե ամենակալը, որ ուրիշ կերպ ցույց տան, բայց երբեք չէ պատահել, որ իմ գնդակները խաբեին ինձ, այդ պատճառով ես կրկին խորհուրդ եմ տալիս հաշտվել թշնամու հետ։

– Գիտեք, դերվիշ,– ասաց խանը մոտենալով և կանգնելով ուղիղ գուշակоղի առջև։– Պատերազմական հաղթությունը պատերազմող մարդու համար իր առանձին քաղցրությունն ունի, որպես որսը որսորդի համար։ Այսօրվա հաղթությունը այնքան անսահման ուրախություն կպատճառե ինձ, որ ես այդ ուրախությունը երբեք չէի ցանկանա փոխել իմ ապագա կյանքի հետ։

– Այդ ձեր բարի հոժարությունիցն է կախված ասաց դերվիշը, և հավաքելով իր գնդակները, վերկացավ։

– Դուք գնո՞ւմ եք։

– Այո, դուք այնքան վաղ կանչեցիք ինձ, որ միջոց չունեցա կատարելու իմ առավոտյան աղոթքը։

– Աղոթեցեք և ինձ համար, հայրիկ։

– Ես միշտ եմ աղոթքների մեջ հիշում եմ ձեզ․․․

Խանի դահլիճից դուրս գալուց հետո, բակում դերվիշին մոտեցավ ներքինապետ Ահմեդը և հազիվ լսելի ձայնով ասաց.

– Ինձ սպասեցեք...

Դերվիշը դանդաղ քայլերով դիմեց իր ճգնարանը։

Քանի րոպեից հետո խանը, զինված, զրահավորված և շրջապատված թիկնապահներով, դուրս եկավ դահլիճից։ Ընդարձակ