բակը լիքն էր բազմությունով։ Բացի զինվորականներից, այնտեղ թափված էին զանազան սեիդներ, մոլլաներ, ախունդներ, աղքատներ, մուրացկաններ, որ իրանց օրհնություններով ճանապարհ դնեն պատերազմի իշխանին։ Երբ հայտնվեցավ նա դահլիճի դռան սանդուղքների վրա, բազմությունը, կարծես, մի ձայնով գոռաց. «Աստվա՜ծ, աստվա՜ծ հաջողություն շնորհեսցե, ձեր սուրը կտրուկ անե, իսկ թշնամու գլուխը ցած խոնարհեցրած.․.»։
Խանը կանգնեց սանդուղքների բարձրության վրա։ Երկու մանկլավիկները, երկու մատուցարաններ բռնած, կանգնել էին նրա մոտ։ Մատուցարանների վրա դիպած էին ոսկի և արծաթի դահեկաններ։ Նա սկսեց լի բռնով վեր առնել դահեկանները և ցրել ամբոխի վրա։ Տիրեց ընդհանուր խառնակություն և իրարանցում։ Յուրաքանչյուրը աշխատում էր իր մասն ունենալ ոսկեղեն և արծաթեղեն կարկուտից, որ թափվում էր վերևից։ Երբ վերջացավ, խանը ցած իջավ սանդուղքներից։ Կրկին սկսվեցան օրհնությունները, կրկին հնչեցին մաղթանքները։ Խանը ցած իջավ սանդուղքներից. բազմությունը փողոցի նման բացվեցավ և նրան ճանապարհ տվեց։ Օրհնության աղաղակները դեռ չէին լռել։ Ոսկին և արծաթը ոգևորել էր բոլորին։ Այդ միջոցին խանի ուշադրությանը իր վրա դարձրեց մի երիտասարդ մուրացկան, որ ամբոխի միջից դժվարությամբ դուրս գալով, ասաց.
– Ինձ ոչինչ չհասավ։ Թող աղքատներին հովանավորող Իմում–Մուրզայի աջը ձեզ օգնական և պահապան լինի, ողորմեցեք ինձ։
Այդ խոսքերը այնպիսի մի խղճալի ձայնով արտասանեց նա, և նրա ցնցոտիները, կերպարանքը այն աստիճան սրտաշարժ էին, որ խանը գթացավ նրա վրա և մեկնեց իր ձեռքը։
– Իմ ձեռքերը չեն շարժվում, որ ընդունեմ ձեր առատ ողորմությունը,– ասաց մուրացկանը։
– Խե՜ղճ, երևի, գոսացել են,– ասաց խանը, մի առանձին գթությամբ նայելով նրա վրա։– Այդ երիտասարդ հասակում, որպես կուչ է եկել, որպես ծալվել է նա։
Խանը իր ձեռքով ձգեց նրա գրպանում մի ոսկի և անցավ։ Ամբոխը հետևեց նրան և հավաքվեցավ ամառանոցի դռան հանդեպ։
Երիտասարդ մուրացկանը, մի կծկված գունդի նման, հազիվհազ շարժվելով, օրորվելով քարշ եկավ, նստեց բակի պատի մոտ, սկսեց իր գոսացած անդամները ջերմացնել նոր ծագած արեգակի ճառագայթներով