Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, և ի՛նչ խորհուրդներ տվեց նրան, որոնք դժբախտաբար ընդունելություն չգտան։

– Ես գուշակություններին շատ փոքր եմ հավատում,– ասաց ներքինապետը,– դուք ինձ այն ասեցեք, թե ինչո՞վ կարողացաք հասկանալ, որ այսօր խանը հաղթող կհանդիսանա, իսկ մի քանի օրից հետո կրկին կռիվ կլինի, որի մեջ նա կհաղթվի։

– Այդ բոլորը հասկանալու համար,— պատասխանեց դերվիշը,— ոչ կախարդություն և ոչ էլ գերբնական գիտություններ պետք են, այլ հարկավոր է փոքր-ինչ առողջ դատողություն ունենալ։ Եթե դուք կարդացած լինեիք մելիք Ֆրանգյուլի խանին գրած նամակները, միևնույն նախագուշակությունները կանեիք։

– Մելիք Ֆրանգյուլի նամակները...– գոչեց ծերունին սարսափելով։– Ինչպե՞ս հաջողվեցավ ձեզ կարդալ այդ չարագործի նամակները։

Դերվիշը այնքան մտերիմ էր ներքինապետի հետ և այնքան հարգում էր նրա բարեկամությունը, որ ոչինչ չծածկեց նրանից և միըստմիոջե պատմեց, թե ի՛նչ հանգամանքներից օգուտ քաղելով, կարողացավ կարդալ նամակները։ Հետո հաղորդեց նրան նամակների բովանդակությունը, որից պարզ երևում էր, թե որպիսի խաբեությամբ հայոց զորքերին պետք է որոգայթի մեջ ձգեին։

– Հիմա հասկանում եմ...– ասաց ներքինապետը հոգվոց հանելով.– դուք այդ նամակների բովանդակությունից կարող էիք նախագուշակել այսօրվա կռվի աղետալի վախճանը։ Բայց ինչով եք իմանում, որ հետո մի ուրիշ կռիվ կլինի, որի մեջ խանը կհաղթվի։

– Այդ շատ հեշտ է իմանալ, այսօրվա կռի մեջ խանի զորքերի հաջողությունը պետք է վերաբերել մելիք Ֆրանգյուլի դավաճանությանը։ Իսկ հետո, շատ հասկանալի է, որ Բեկը ավելի լավ պատրաստությամբ զորքեր կուղարկե և նրանք կջարդեն մահմեդականներին։

– Այդ բոլորը շատ հավանական է,– ասաց ներքինապետը։ Բայց դեռ ուշ չէ, կարելի է այսօրվա չարյաց առաջը առնել։ Իսկ ես բոլորովին շվարած եմ, խելքս համարյա գլխումս չէ։ Դուք իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։

– Դուք դեռ չեկած, ես դրա վրա էի մտածում,– պատասխանեց դերվիշը։– Բայց մի՞թե դուք մինչև այսօր չէիք նկատում