կյանքը ոչինչ նշանակություն չունի, կարելի է զոհել։ Բայց ինձ այն ասեցեք, նամակներ չգտա՞ն սուրհանդակի մոտ։
– «Տիկինը» նամակ չէր հանձնած. սուրհանդակը պետք է բերանացի հաղորդեր բոլորը։ Եվ որպեսզի իշխանը նրա խոսքերին հավատ ընծայեր, «տիկինը» որպես նշան սուրհանդակի ձեռքով ուղարկել էր իր մատանին, միևնույն մատանին, որ իր օրիորդ ժամանակ ստացել էր իշխանից որպես իրանց սիրո գրավական։ Դուք գիտեք, որ «տիկինը» իշխանի հարսնացուն է եղել․ բայց օրիորդի անգութ հայրը զրկել է նրան և իր աղջիկը տվել խանին։
– Այդ տխուր պատմությունը ես գիտեմ․․․– պատասխանեց դերվիշը։– Դուք ինձ այն ասացեք, ի՞նչ եղավ մատանին։
– Սուրհանդակը մատանին մի այնպիսի տեղում պահած ուներ, որ կալանավորելու ժամանակ չէին գտել։ Բայց որովհետև ինձ հայտնի էր պահած տեղը, խեղդողներին ասել էի, նրանք հանել էին և վերադարձրին ինձ։
– Երեսուն տարի կլինի,– առաջ տարավ ներքինապետը,– որ ես ծառայում եմ խանի մոտ, բայց երբեք այս տեսակ հսկողություններ, այս տեսակ զգուշություններ չեմ տեսել նրա ամրոցի մեջ։ Անիրավ մելիք Ֆրանգյուլը նոր կարգեր է մտցրել․ լրտեսները ամեն տեղ վխտում են, ամեն քայլ դիտում են, ոչինչ չես կարող անել։ Ես չեմ հասկանում, մի՞թե մարդ կարող է այս աստիճան դավաճան լինել, այս աստիճան վնասակար լինել իր ազգին և հայրենիքին։ Եվ ի՞նչ շահ ունի։
– Շահ ունի նա,– պատասխանեց դերվիշը դառնությամբ։– Խանը արդեն ստորագրել է իր հրովարտակը, որով ամբողջ Չավնդուր վիճակի իշխանությունը որպես վարձատրություն շնորհում է դավաճանին։ Ձեզ հայտնի է, որ Չավնդուրը Թորոս իշխանի հայրենական ժառանգությունն է։ Ուրեմն նրա ժառանգությունը գրավելու համար դավաճանը աշխատում է ոչնչացնել Թորոսին։ Եվ Չավնդուրը, դուք գիտեք, որ արդեն մելիք Ֆրանգյուլին պատկանող Բարգյուշատի հետ սահմանակից է, այդ երկու վիճակները միացնելով, դավաճանը տեր կլինի մի ընդարձակ երկրի։ Ահա ձեզ գլխավոր նպատակը, որ դրդում է նրան ամեն տեսակ անիրավություններ գործել։ Եվ միշտ այդ է եղել մելիք Ֆրանգյուլի ու Թորոս իշխանի տոհմերի մեջ կատարված կարևոր երկպառակությունների պատճառը։
– Ցավալի՞ է, շա՜տ ցավալի,– ասաց ներքինապետը,