Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԴ

Բարգյուշատի վիճակի Եղվարդ գյուղը Արծվանիկից (այսինքն Ֆաթալի խանի և մելիք Ֆրանգյուլի բնակության տեղից) մեկ nւ կես մղոն հազիվ հեռավորություն ունե։ Եղվարդի մոտ գտնվում է մի նեղ դաշտ, որ մինչև այսօր կոչվում է Նարգիզլու–զամի։ Այդ անունը նշանակում է նարգիզների կամ շուշանների դաշտ։ Եվ իրավ, այդ ծաղկազարդ դաշտը արժանի է իր անունին։ Շրջապատած անտառախիտ լեռներով և գեղեցիկ, կանաչազարդ բլուրներով, այդ դաշտը ներկայացնում է երկրի շքեղ բնության հիանալի տեսարաններից մեկը։

Պատմությունը լռում է այդ դաշտի մասին[1]։ Բայց ժողովրդական ավանդությունը շուշաններ և նարգիզներ բուսեցնող դաշտի մասին բոլորովին այլ կարծիք է հայտնում։ Նա ասում է, այդ շուշանները, այդ նարգիզները բուսնիլ սկսան այն օրից, երբ հայոց քաջերի արյան կաթիլները թափվեցան այդ դաշտի վրա։ Նա պատմում է այն սարսափելի կռվի բոլոր մանրամասնությունները, որ տեղի ունեցավ մեկ ու կես դար առաջ։

Լուսնկա գիշեր էր։ Նարգիզների դաշտում միայնակ թափառում էր բաց, թավահեր գլխով, բոբիկ ոտներով, երկայն, սպիտակ կտավյա շապիկը հագած մարդը։ Նա թափառում էր դիակների մեջ, որպես Եղիշեն Ավարայրի դաշտում։ Դեպի ամեն կողմ տիրում էր մահվան լռությունը։ Հրացանների ձայնը, սուրերի շառաչյունը, մարդիկների կատաղությունը բոլորովին դադարել էր։ Լսելի էին լինում միայն դեռ չհանգստացած վիրավորների դառն հառաչանքները։

Նա անցնում էր, ինչպես մի ուրվական, դանդաղ, չափավոր քայլերով։ Դիակների մեջ մեկին որոնում էր նա։ Նրա աչքերը, որ սովոր չէին լաց լինելու, այժմ լցված էին արտասուքով,– դառնության և սրտմտության արտասուքով։ Նա իր շուրջը սփռված էր տեսնում խաբեության և ստոր դավաճանության հազարավոր զոհերը։– Դավաճանություն մի հայի իր ազգակից եղբայրների դեմ։ Այդ էր նրան բարկացնում։

Երկար թափառում էր նա։ Երբ որ խնդրած դիակը գտնել չկարողացավ, իր քայլերը ուղղեց դեպի մերձակա բլուրը

  1. Պատմությանը այդքանը միայն հայտնի է, որ կռիվը կատարվեցավ Եղվարդ գյուղի մերձակայքում