Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացավ նրա գագաթի վրա, սկսեց նայել դեպի իր շուրջը։ Լուսնի լուսով, այդ բարձրահասակ մարդը, իր երկայն, սպիտակ շապիկով, նկարված էր բլուրի գագաթի վրա, որպես մի սպիտակ արձան։ Նա ականջ էր դնում, հետազոտում էր բոլոր ձայները, որ լսվում էին նրա շրջակայքում։ Հետո կամաց-կամաց ցած իջավ բլուրից, բռնեց Արծվանիկի ճանապարհը, սկսեց առաջ ընթանալ։

Այժմ ավելի շտապով էր փոխում իր քայլերը․ ստեպ նայում էր դեպի երկինքը, որպես մի մարդ, որ ժամանակը չկորցնելու համար շուտ-շուտ նայում էր ժամացույցին։ Քանի րոպեից հետո նա անհետացավ մթին ձորերի մեջ։

Շտապով գնում էր նա։ Այսպես անցավ մի քանի ձորեր, մի քանի բլուրներ։ Հանկարծ կանգ առեց։ Մի ձայն գրավեց նրա ուշադրությունը․

– «Եթե մինչև արևի ծագելը կարողանայի դուրս գալ այստեղից..․»

Այս խոսքերը գրավեցին նրան դեպի այն կողմը, որ կողմից լսվում էին։ Նա տեսավ մի մարդ, երկու ձեռքով գուխը բռնած, թուփերի միջով սողում էր։

– Ո՞վ ես,– հարցրեց նրանից։

– Վիրավոր եմ։

– Տեսնում եմ, որ վիրավոր ես, բայց ես այդ չեմ հարցնում։

– Երբ վիրավորին տեսնում են, էլ ուրիշ բան չեն հարցնում, շտապում են օգնել։

Նրա պարանոցը ետևի կողմից կիսով չափ կտրված էր. արյունը դեռ հոսում էր. երիտասարդը երկու ձեռքով պինդ բռնել էր գլուխը, որ ցած չընկնի։ Անծանոթը իսկույն դուրս բերեց իր մախաղի միջից մի քանի կտավիք և փաթաթեց վերքը։ Արյունը դադարեց։

– Այդ դրության մեջ դու ինչպե՞ս հասար մինչև այստեղ,– հարցրեց անծանոթը։– Գիտե՞ս որքան ճանապարհ ես անցել։

– Գիտեմ, ավելի քան մեկ մղոն։ Այդ դրության մեջ էլ առաջ կգնայի, մինչև շունչս կտրվեր...

– Հիմա դու ինձ կասե՞ս, թե ով ես։

– Ես Մելիք-Փարսադանյան Բալի զորապետն եմ[1]

  1. էր ընդ կոտորեայսն՝ նաեւ Բալի զօրավարն, որդի Մէլիք-Փարսադանին, որոյ պարանոցն կիսով չափ հատեալ ընկնցեալ էին ի բացի, մերձ ի Խոտանան։ Ուստի յեա սակաւուց իբրեւ ուշաբերեալ լինէր, կալեալ ձեռօք զգլուխն ի վերայ