Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռդռաց, տերևները միմյանց զարկվեցան, իբր թե անտառների այդ անքուն հսկողը, մի ծառից թռչում էր մյուսի վրա։

– Տեսնում եք, կտցահարն է,– ասաց գզիրը շարունակեց իր ընդհատված խոսքը.

– Դուք զբաղված էիք կռվի մեջ, չէիք նկատում, մելիք, Թորոսի ընկնելուց հետո, մինչև երեկոյան մութը պատելը, Ստեփաննոս Շահումյանը իր մարդիկներով պաշտպանվում էր։ Ես տեսա պատերազմի ամենաջերմ ժամանակը, նրա ձին հրացանի գնդակից վերք ստացավ, ցած գլորվեցավ և իշխանին տակով արեց։ Այդ միջոցին մերոնք վրա հասան և գերեցին նրան։ Նրա երկու թիկնապահներ՝ Ջումշուդը և Աղասին երկար կռվում էին, որ ազատեն իրանց իշխանին, բայց չկարողացան։

– Այդ բոլորը ես իմանում եմ,– ասաց մելիքը,– նրան հայոց մյուս գերիների հետ բերեցին մինչև խանի տունը, այնտեղ կալանավորեցին, բայց նրանից հետո ո՞ւր կորավ։

– Ո՞ւր պիտի կորչեր, շատ հասկանալի է, կամ ինքը հնար գտավ փախչելու, կամ ուրիշները փախցրին նրան։

– Վերջին կարծիքը ավելի հավանական է... և ես մեկի վրա կասկած ունեմ..․ անպատճառ նրա գործն է... նա կաշառած կլինի պահապաններին և փախցրած... թուրք պահապանը մի սև փողի համար հոգի կտա... Իսկ ամրոցի մեջ բոլորը զբաղված են խանի վերքով... այդ խառնակության մեջ, եթե գերիների կեսն էլ փախցնելու լինեն, ոչ ոք չի նկատի[1]։ Թող, աստված տա, խանը առողջանա, այն ժամանակ ևս անպատճառ պատմել կտամ այն անզգամին, որ մի այսպիսի պատվական որսը մեր ձեռքից դուրս հանեց...

Մելիքի կասկածը, իշխանին փախցնելու վերաբերությամբ, տիկին Սյուրիի և ներքինապետ Ահմեդի մասին էր, որոնց գաղտնի հարաբերությունները իշխանի հետ նրան վաղուց արդեն հայտնի էին։

Մելիքը և իր ուղեկիցները բավական հեռացել էին խանի

  1. Եւ դոմանս ի նոցան (ի հայ գերելոց) կենդանի կալեայ, մեծաւ տանջանոք Բարգիւշատ ածին, ընդ որս էր և Ստեփանոս Շահումյան։. Եւ սուգ էար Դաւիթ (բէկ) ի վերա, քաջին Ստեփաննոսի, եւ այնքան զօրացն ի զուր տարապարտուց կորուսելոյ։ Իսկ Ստեփտննոս իբրեւ ածեալ եղե, ի Բարգիւշատ. հանդիպեցաւ, անդ ի տան Խանին բարեսէր ոմն թուրք, որ գթցեալ ի նա փախոյց եւ իբրե, ազդ եղե։ Դավթի զերծումն նորին, մխիթարեցաւ ի սգոյն։