Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ոչ, անպիտան, ես իմ սուրը չեմ պղծի քո արյունով։

Նա դարձավ դեպի իր երկու թիկնապահները՝ Ջումշուդին և Աղասիին, հրամայեց նրանց․

– Դրան պառկեցրեք և գլուխը ջախջախեցեք քարով։

Ջումշուդը պառկեցրեց նրան, գլուխը դրեց մի տափակ քարի վրա, իսկ Աղասին մի ահագին քար բարձրացնելով ասաց.

– Այդ սատանայական գլուխը, որ այնքան միջոցներ է հնարել մելիքի չարագործությունների համար, արժանի է այդ վարձատրությանը։

– Նա արդեն վարձատրված է․․․– պատասխանեց լիրբը տակից․– այսօր մի քանի հազար հայոց կտրած գլուխների արժեք ունեցավ...

– Անզգա՛մ...– գոչեց Աղասին և իր բոլոր ուժով ցած թողեց քարը։

Անզգամի գլուխը տափակ գաթայի ձև ստացավ։

Այնտեղ, ուր կատարվեցավ այդ փոքրիկ դրաման, գտնվում էր մի խրամատ, որ առաջացել էր հեղեղներից։ Դիակները ձգեցին այդ խրամատի մեջ։ Իսկ ջորին, Աբիսողոմի ջորու նման, վազ տալով, մտել էր ծառերի մեջ, և այնտեղ փշոտ թուփերի հետ փաթաթվելով, կանգնել էր։ Զանազանությունը նրա մեջն էր միայն, որ Աբիսողոմի երկայն մազերը փաթաթվել էին ծառերի ճյուղերին, իսկ մելիքի հագուստի երկայն փեշերը, այն հագուստի, որ մի ժամանակ նա ստացել էր խանից որպես խալաթ: Նրա դիակը նույնպես ձգեցին խրամատի մեջ, իսկ ջորուն բաց թողեցին։ Նա ուղիղ դիմեց դեպի տիրոջ ամրոցը նրա բոթը տանելու համար։ Ամրոցը շատ հեռու չէր այդ տեղից։

Իշխան Շահումյանը, իրավ որ, կռվի դաշտում գերի բռնվեցավ և բազմաթիվ հայ գերիների հետ բերվեցավ խանի ամրոցը։ Ջումշուդը և Աղասին մինչև այնտեղ հասցնելը հետևում էին նրան, որ ճանապարհին մի կերպով ազատեն, բայց հնար չեղավ։ Նրանք դարձյալ չհեռացան ամրոցից, ուր կալանավորված էր իրանց տերը, և գիշերային մթության մեջ անհանգիստ կերպով դեգերում էին նրա մերձակայքում։

Բայց ամրոցի մեջ բոլորի հոգսերը դարձրած էին դեպի վիրավորված խանը, մանավանդ երբ իմացվեցավ նրա եղբոր՝ Աղասի խանի կռվի մեջ սպանվիլը, ամբողջ ամրոցը սուգի մեջ ընկավ։ Այդ էր պատճառը, որ գերիների վրա շատ ուշադրություն չէին դարձնում. նրանց անասունների նման լցրել էին ախոռատան