– Այդ ավերակներից ավելի ապահով տեղ չկա,– պատասխանեց ներքինապետը։
– Նա իմանո՞ւմ է, որ ես այստեղ սպասում եմ նրան։
– Իմանում է. ես նախապես հայտնել եմ բոլորը։
– Ծանո՞թ է ճանապարհների հետ։
– Դերվիշը կառաջնորդե նրան։
Դրսից լսելի եղան սուլելու ձայներ։
– Գալիս են...– ասաց ներքինապետը և շտապով դուրս եկավ խուցից։
Այդ լուրը այնպիսի մի ուրախություն ազդեց տիկնոջը, որ նա ամբողջ մարմնով ցնցվեցավ։ Այդ ցնցումից զարթնեց Ֆաթիման, որ նրա ծնկների վրա պառկած էր։
– Ես մի լավ երազ տեսա, մայրիկ,– ասաց նա,– կուզե՞ս, պատմեմ։
Մայրը ուշադրություն չդարձրեց նրա երազի վրա և ցնորվածի նման վազեց դեպի խուցի դուռը։ Այդ միջոցին մի երիտասարդ գրկեց նրան։
Դերվիշը, ներքինապետը, Ջումշուդն ու Աղասին մնացին խուցի դռանը, ներս չմտան, որ իրանց ներկայությամբ չխանգարեն երկու վաղեմի սիրահարների հոգեզմայլությանը։
– Այդ ո՞վ է, մայրիկ,– հարցրեց Ֆաթիման։
– Քո հայրը, զավակս,– պատասխանեց մայրը։
Իշխանը մի ձեռքով բռնեց տիկնոջ ձեռքից, մյուսով Ֆաթիմայի ձեռքից, և դուրս եկան խուցից։ Այդ միջոցին մոտեցան դերվիշն ու ներքինապետը և օրհնեցին նրանց բախտավորությունը։ Նույնը արեցին Ջումշուդն ու Աղասին։
Հեռանալով վանքի ավերակներից, նրանք դիմեցին դեպի անտառը, որի մեջ պահված էր իշխանի ձիավորների խումբը։
Այստեղ իշխանը բռնեց դերվիշի ձեռքը, և հրաժարական ողջույն տալով, ասաց.
– Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, դերվիշ, ես չեմ մոռանա ձեր առաքինությունները։
Ավելի սրտաշարժ էր տիկնոջ հրաժարականը.
– Ես հոր կողմից անբախտ եմ եղել, դերվիշ,– ասաց նա,– իսկ դուք ամբողջ տասն տարի մխիթարել եք ինձ, և ինձ վրա հայրական խնամք եք ունեցել։ Թույլ տվեցեք ինձ համբուրել ձեր աջը, և այդ թող լինի իմ խորին երախտագիտության հատուցումը։