Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի այլ հաղթություններ օսմանցիների դեմ, մինչև բոլորովին դուրս հալածեցին նրանց հայոց երկրից։

Այն ժամանակ պարսից Շահ-Թահմազ արքան եկած էր Ատրպատական, որ արգելե օսմանցիների հարձակմունքը դեպի Պարսկաստան։ Նա Դավրիժումն էր, երբ մեծ ուրախությամբ լսեց Դավթի հաղթությունները։ Եվ Դավիթը նրան ավելի գոհացնելու համար, նույն ժամանակվա սովորության համեմատ, ուղտերի մի ամբողջ կարավան բեռնավորված տաճիկների գլուխներով, այլև իր խլած ավարից մասն հանելով շահին, ուղարկեց Դավրիժ։ Շահը ուրախությամբ ընդունեց կարավանը, որ բերում էր իր թշնամիների գլուխները։ Այս պատճառով կապեց Դավթի հետ դաշնագրություն, առանձին ֆերմանով շնորհելով նրան Ղափանի ամբողջ գավառը, որպես սեփականություն, այլև կարգեց նրան գլխավոր իշխան բոլոր Սյունյաց և Գողթանի նահանգներին, ստորագրեց նրա հրամանին տեղային խաներին, և հրաման տվեց իր անունով դրամ կտրել։

Դավիթը այժմ հասած էր իր բաղձանքին, նա իր ազատ հայրենիքի տերը և իշխանն էր։ Այդ եղավ 1727 թվին։

* * *

Սյունյաց նահանգը թեև բոյորովին մաքրված էր օսմանցիներից, բայց Օրդուբադի և Ագուլիսի կողմերում տակավին տիրում էին նրանք։ Դավիթը ուղարկեց տեր Ավետիքին և Մխիթար սպարապետին այն կողմերից ևս հալածել նրանց։ Մի քանի կռիվներում հայերը հաղթող են հանդիսանում և հաջողվում է տիրել Ագուլիսին։ Այս ավանը այն ժամանակ բացի իր շրջակա գյուղորայքից ուներ 10 հազար տուն հայ բնակիչներ։ Դրանք մեծ զորություն կարող էին կազմել Դավթին, եթե սրտով միանային նրա հետ։ Բայց, ընդհակառակն, միշտ անհավատարիմ մնացին դեպի Դավթի գործը։ Ագուլեցիք մելիք Մուսա անունով մի չարագործից գրգռվելով, որ նրանց գլխավորն էր, առ երես բարեկամ էին ձևանում Դավթին, իսկ գաղտնի օգնում էին օսմանցիներին, լրտեսություններ անելով, պաշար մատուցանելով և հայի բոլոր գաղտնիքը նրանց հայտնելով։ Այդ էր պատճառը, որ Դավթի զորքերը թեև նույն օրերում օգնություն ստացան Շահ-Թամազից, բայց մի քանի կռիվներում կոտորվեցան օսմանցիներից։