Դավիթը տեսնելով ագուլեցոց անհավատարմությունը, ինքը անձամբ դիմեց Ագուլիս։ Նրա զորքը ամրացած էր Թոմա առաքելո վանքի մեջ, որ կարող էր բերդի տեղ ծառայել։ Ստուգելով մելիք Մուսայի դավադրությունները, Դավիթը նրան բռնել տվեց և հրամայեց գլուխը կտրել։ Բայց նա ազատվեցավ Մելիք-Փարսադանի աղերսանքով։
Քանի օրից հետո մելիք Մուսան բոլորովին մերկացրուց իր թշնամությունը։ Մինչ Դավիթը Թոմա առաքելո վանքի մեջ ամրացած էր, նա հավաքելով Ագուլիսի բնակիչներին, պաշարեց վանքը և սկսան հրացաններ արձակել, ստիպելով, որ Դավիթը թողնե իրանց քաղաքը։ Այդ հարձակումը գործվեցավ գիշերով։ Դավիթը հրամայեց յուրայիններին հանգիստ մնալ և հայի արյուն չթափել։ Միայն Մելիք-Փարսադանին ուղարկեց հանգստացնել ագուլեցիներին, խոստանալով, որ առավոտյան կթողնեն քաղաքը։ Բայց ագուլեցիք ավելի ևս խստացրին իրենց կատաղությունը և մինչև անգամ հրացանով սպանեցին Դավթի պատգամավորին, այն մարդուն, որ մի քանի օր առաջ ազատեց մելիք Մուսայի գլուխը Դավթի սրից[1]։
Բայց Դավիթը որքան բարեսիրտ էր, այնքան վրեժխնդիր և խիստ էր դեպի իր անհնազանդները։ Նա թեև քանդելով վանքի պարսպի մի մասը, գիշերով դուրս եկավ քաղաքից, բայց մի քանի օրից հետո վերադարձավ, և երկու կողմից հրդեհելով քաղաքը, ահագին ավարով գնաց Հալիձոր։
Դավիթը այնուհետև զբաղվեցավ իր նոր իշխանության կարգադրություններով։ Մինչև այնօր խառնված լինելով անընդհատ կռիվների մեջ, նա ժամանակ չէր ունեցել որևիցե կարգ և կանոն դնել իր երկրում․ ամեն ինչ կառավարվում էր վաղեմի նահապետական ձևերով։ Նա թողնելով հին սովորությունները,– որոնք օրենքի զորություն էին ստացել, միայն ավելի կանոնավորեց նրանց, երկրի բաժանմունքները կարգի դրեց, որոշեց մելիքների և տանուտերների իրավունքները և զորապետների պարտավորությունները,
- ↑ Ագուլեցոց մի այսպիսի օտարասիրությունը, որով նրանք ավելի բարվոք էին համարում այլազգիների լծի տակ տանջվել, քան իրանց ազգայինների հետ միանալ և ազատ ապրել,– նրանց այդ հիմար համառությունը և ատելությունը դեպի հայության գործը պատմվեցավ 1752 թվին, այսինքն 25 տարի հիշյալ անցքեն հետո, երբ Ազատ խանը պաշարելով Ագուլիսը, բոլորովին ավերակ դարձրեց, և սրից հրից անցկացնելով, ավերակ դարձրեց, հափշտակելով ինչ որ գտավ, և բնակիչների մեծ մասը գերի վարեց։