Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զինվորական ծառայությունը ընդհանրապես պարտավորիչ շինեց։ Բայց նա իսպառ իր նպատակները իրագործել չկարողացավ, որովհետև հիվանդանալով վախճանեցավ իր տան մեջ 1728 թվին, վեց տարի միայն վարելով իր իշխանությունը։ Դավթից ժառանգ չմնաց, շատ հավանական է, որ նա ամուսնացած ևս չլիներ։ Նրա մահից հետո զորականքը միաբանվելով, ընտրեցին Դավթի տեղ Մխիթար սպարապետին։

Մխիթարը որքան և քաջ էր ու գործագետ, այսուամենայնիվ այն բախտը չունեցավ, որպես իր նախորդը։ Մի կողմից հայոց զորապետների մեջ ծագեց անմիաբանություն, մյուս կողմից, զորքը վեց տարվա անընդհատ կռիվների մեջ համարյա հոգնել և թուլացել էր սրտով։ Այս պատճառով, երբ մի տարուց հետո օսմանցիք կրկին պաշարերին Դավթի բերդը, հայերը ավելի հարմար համարեցին հաշտության դաշն կապել, քան թե պատերազմել։ Նրանք տեր Ավետիքի ձեռքով հաշտության դաշն կապեցին փաշայի հետ և անձնատուր եղան։ Բայց ուխտազանց օսմանցիք, երբ իրանց առաջ բացված տեսան բերդի դռները, ներս մտան և վայրենի անգթությամբ սկսեցին կոտորել նրա մեջ եղողներին։ Նրանք մինչև անգամ չխնայեցին քառասուն միանձնուհիներին, որոնք նույն ամրոցում մենարան ունեին, բոլորը զոհվեցան տաճկական սրին։ Մխիթար սպարապետը բերդի պարսպից վար իջնելով ազատեց իր անձը։

Իսկ նա այնուհետև հանգիստ չմնաց։ Վերստին զորք հավաքելով, քանիցս անգամ հարձակվեցավ օսմանցիների վրա, վրեժխնդիր եղավ նրանց ուխտազանցության համար, թափեց նրանցից շատ ամրոցներ և քաղաքներ, և 150 ուղտի բեռն ավարով վերադարձավ իր տեղը։ Նա բնակվում էր Խնձորեսք կոչված մեծ բերդում։

Մխիթարի իշխանությունը երկար չտևեց, որովհետև 1730 թվին նույն իսկ հայերից հրացանազարկ լինելով մեռավ, երկու տարի միայն իշխելով։ Սպարապետի գլուխը իր թշնամիքը կտրելով, որպես ընծա նվիրեցին օսմանցոց փաշային։ Բայց փաշան, Մխիթարի ոխերիմը՝ ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե այն վատ հայերը, որ թափեցին մի անմեղ արյուն։ Նա հրամայեց կտրել բոլորի գլուխները.․.

Մխիթարի մահից հետո հայոց միաբանության կապը իսպառ քակտեցավ։ Ամեն մի իշխան, ամեն մի մելիք սկսեց ինքնագլուխ տիրել երկրի այս ու այն մասին, կրելով իր վրա պարսից կամ