նաև Սյունյաց աշխարհում 18-րդ դարում ծավալված շարժումներից։ Եվ թերևս Րաֆֆու կենդանության օրով պատմական ոչ մի շարժում այնքան այժմեական նշանակություն չէր ստանում, որքան Դավիթ Բեկի գլխավորած շարժումը, որի մեջ։ Ինչպես մի հանգուցակետի մեջ, արտացոլվում էր և դեպի Ռուսաստանը Հայաստանի կենսունակ ուժերի ու հայ Ժողովրդի ունեցած ջերմ վերաբերմունքը և պարսկական-թուրքական խանական-բեկական բռնակալական լծի դեմ նրա տածած անհուն ատելությունը, հայրենիքի անկախության հասնելու նրա անմար սիրով։
«Խամսայի մելիքություններ» պատմական հետազոտության մեջ Րաֆֆին հանդես էր գալիս իբրև 18-րդ դարի շարժումների տարեգիր։ Վեպում նա լայն ծավալ էր տալիս իր ստեղծագործական երևակայությանը, միաժամանակ օգտագործելով թեկուզև այն սակավաթիվ աղբյուրները, որ կային այն ժամանակ և որոնցից օգտվել է վիպասանը։ Այդ աղբյուրներից մեկը՝ 1870-ական թվականներին արտասահմանում գրաբար լեզվով տպագրված մի գիրք էր՝ «Դավիթ բեկ», ընտիր պատմություն Դավիթ-բեկին և պատերազմաց հայոց խափանու» վերնագրով։ Ենթադրություն կա, որ այդ գիրքը գրված լինի շարժման ղեկավար դեմքերից մեկի՝ Ստեփաննոս Վարթանեսյան-Շահումյանի ձեռքով։ Վեպում Րաֆֆին երկու անգամ ուղղակի մեջբերում է կատարում այդ գրքից, ինչպես նաև պատմական այլ փաստաթղթերից, դիմում է նաև ժողովրդի մեջ պահպանված զրույցներին, որոնք հետագայում, վեպը լույս տեսնելուց շատ տարիներ անց, հավաքել և իբրև մի ամբողջական, շարժման ժողովրդական պատմություն, հրատարակել է բանասեր և բանահավաք Երվանդ Լալայանը։
Վեպում Րաֆֆին իր գլխավոր ուշադրությունը սևեռել է հայ ժողովրդի մղած պայքարի վրա՝ ընդդեմ պարսկական լծի։ Նա միայն վերջաբանում է հիշատակում Դավիթ Բեկի այն կռիվները, որ նա մղել է թուրքական լծի դեմ։ Դրա փոխարեն նա մի ամբողջ գիրք նվիրել է հայ ժողովրդին բախտակից և հարևան վրաց ժողովրդին ու Վրաստանին, ցայտուն պատկերներում վերարտադրելով այստեղ թագավորող ճորտատիրական կարգերի նկարագիրը։ Պետք է նկատել, սակայն, որ վեպում հանդես եկող հայազգի որոշ գործող անձինք, երբեմն նաև հեղինակը, սխալ մտքեր են արտահայտում վրացական կենցաղի և տեղի ազգաբնակության նիստուկացի երևույթների նկատմամբ։ Չի կարելի չասել, որ այդ սխալ մտքերն ու գնահատականները պոլեմիկական բնույթ ունեին և անդրադարձնում էին վիպասանի ժամանակի նացիոնալիստական տարրերի բախումները։ Շարժման ժողովրդական բնույթի և այդ շարժման մեջ անհատի դերի հարցերում Րաֆֆին քիչ անգամ չէ, որ հակվում էր անհատի գերագնահատության կողմը։ Բայց Րաֆֆին առաջինն էր, որ հայ իրականության մեջ լայն կտավի վրա վերարտադրել է 18-րդ դարի 20-ական թվականների էպոխան, հայ ժողովրդի պատմության կարևորագույն շրջաններից մեկի համապարփակ պատկերը, մեծ շնչով ու գեղարվեստական հոյակապ նկարագրություններով անմահացրել է հայկական լեռնաշխարհի մարդկանց քաջարի բնավորությունը և նրանց ռազմական սխրությունները։ Վեպում խիստ և դաժան լեզվով է խոսվում անշարժության, ստրկամտության ու դավաճանության դեմ, քննադատության ուժեղ կրակի տակ են առնված հայ իրականության մեջ նկատվող թերություններն ու արատները։ Սակայն Րաֆֆին ջերմորեն սիրում էր հայրենիքը, հարազատ ժողովուրդը և, պայքարելով հայ իրականության մեջ երևան եկող արատների դեմ, ցանկանում էր առաջխաղացում և հաղթանակ՝ հայ ժողովրդի ներքին ու արտաքին