Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէին մոտենում նրանց, պիղծ էին համարում, այս պատճառով պիղծ ծառայությունը հանձնել էին նույնպես պիղծ հրեաներին, որոնք գործով եկել էին խանի բանակը։

Տեսնելով երկու մելիքներին, որոնք հանդիսավոր կերպով իր մոտ էին գալիս, խանը մի առանձին հեգնական ժպիտով դարձավ նրանց, ասելով.

– Տեսա՞ք, ինչ արեցին այդ հիմար հայերը..․

Երկու մելիքները մինչև գետին խոնարհվելով, գլուխ տվեցին։ Խանի ժպիտը քաջալերեց նրանց, և մելիք Դավիթը, օգուտ քաղելով նրա ուրախ տրամադրությունից, պատասխանեց.

– Հային ո՞վ է տվել խելք, եթե հայերը խելք ունենային, էլ ինչո՞ւ էին հայ լինում... «Ուրացողի» շողոքորթությունը բավական դուր եկավ խանին, որը ձեռքը դնելով նրա ուսի վրա, ասաց.

– Այդ իրավ է, Բաղր բեկ (պարսիկները այսպես էին կոչում նրան),– եթե հայերը խելք ունենային, կհետևեին քո օրինակին, կընդունեին մեր սուրբ կրոնքը, և համ այս աշխարհում, համ այն աշխարհում վայելչություն կունենային։ – Այսպես չէ՞ մելիք Ֆրանգյուլ,– հարցրեց նա վերջինից։

Մելիք Ֆրանգյուլը դարձյալ գլուխ տվեց, ասելով.

– Այո՛, խան, այդպես է, քո ոտքին մատաղ։

Խանը մտավ վրանի այն մասը, որ հատկացրած էր դիվանի համար։ Նա նստավ իր համար առանձին պատրաստած թանկագին օթոցի վրա և հրավիրեց երկու մելիքներին նույնպես նստել։ Նրանք տեղավորվեցան խանից ցած։ Խանի դրանիկներից նրա մոտ նստեց միայն մունշի-բաշին, իսկ մյուսները ոտքի վրա կանգնած մնացին վրանի առջև։ Այդ միջոցին անցավ այնտեղից ծերունի Ահմեդը, և հեռվից լուռ աչքով ակնարկելով խանի մանկահասակ սպասավորներից մեկին, կանչեց իր մոտ։

– Սալամ,– ասաց նրան,– ահա քեզ տասն ոսկի, այդ մարդիկը ինչ որ խոսելու լինեն խանի հետ, շուտով խաբարը կբերես ինձ։ Նա ցույց տվեց երկու մելիքների վրա։

– Փողը ի՞նչ անեմ,– պատասխանեց կանացի դեմքով գեղեցիկ սպասավորը,– քեզ մի ծառայություն անելու համար ես ամեն բանի պատրաստ եմ։

– Ոչ, ընդունիր, ինչ որ քեզ ասում են՝ այն լսիր․ ոչ մի խոսք չես փախցնի ականջիցդ, բոլորը կպատմես ինձ։ Սալամը խանի համար ղեյլան մատուցանող սպասավորն էր,