գրպանը, որը բժշկության մեջ իրան մի նոր Լոկման էր ներկայացնում։
– Այդ դերվիշը,– խոսեց իմամը,– սքանչելի բաներ գիտե, նա խոստանում է ինձ համար մի դարման շինել, որը մի անգամ ընդունելուց հետո բոլոր սպիտակ մազերը սև գույն կստանան։ Գիտե և մի ուրիշ դարման, որ կյանքը հարյուրավոր տարիներով երկարացնում է։
– Ինչո՞ւ չեք շինել տալիս,– հարցրեց խանը։
– Նյութերը հազվագյուտ են և ըստ մեծի մասին թանկագին։
– Այսպիսի դարմանները պատրաստվում են գլխավորապես գոհարեղեններից։
– Այո՛, գոհարեղեններից։
Խանը դարձյալ կրկնեց, թե բոլորը իմամը կարող է ստանալ իրանից, և խնդրեց դերվիշին իր մոտ ուղարկել, հայտնելով, թե ինքն էլ նպատակ ունի նույն մաջունները պատրաստել տալ իր համար, և այսպիսով մի օգուտ հասցրած կլինի դերվիշին, որը իմամի թե՛ բժիշկը և թե՛ հյուրն է։ Մի խոսքով, խանը աշխատում էր ամեն տեսակ հաճություն ցույց տալ այդ սպիտակեղենների մեջ փաթաթված, չորուցամաք ծերուկին, որ բովանդակում էր իր մեջ ամբողջ ցեղի հավատը և համակրությունը։ Խանը այնքան վարպետ էր, որ գիտեր, թե այդ մարդուն գրավելով, ամբողջ ժողովուրդը իր ձեռքում սանձահարված կարող էր պահել։
Մի մարդ միայն այդ վրանում իր մտքում ծիծաղում էր այդ բոլոր խոսակցությունների վրա,– դա մունշի-բաշին էր։ Նա խիստ դժգոհ էր, որ իմամի այցելությունը խանգարեց իր բացատրությունները հայերի հարստահարության մասին, և բարկությունից, հանեց իր ծոցից մի փոքրիկ, ոսկյա տուփ, և նրա միջից վեր առնելով ափիոնի երեք հատ խոշոր գնդակներ, դրեց բերանը, կուլ տվեց։
– Միրզա-Ջաֆարը.– այսպես էր մունշի-բաշիի անունը,– արդեն կուլ տվեց իր մաջունը,– նկատեց իմամը հեգնական եղանակով։
– Այո՛,– պատասխանեց նույնպես հեգնական ոճով քարտուղարը,– այդ է իմ մաջունը, թեև չէ մանկացնում, բայց գոնե մոռանալ է տալիս ինձ աշխարհի վշտերը..․
– Միթ՞ե դուք վշտեր ունեք,– հարցրեց իմամը ծիծաղելով։
– Ես վշտեր չունեմ, բայց ուրիշի վշտերը նեղացնում են