Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնելու համար,– պատասխանեց խանը։– Այսօր, ճաշից երկու ժամ առաջ, ժամանակ ենք նշանակել նրան ընդունելու։

– Ներեցեք համարձակությանս հարցնել – ո՞րքան փրկանք եք նշանակել։

– Ես դեռ ոչինչ չեմ նշանակել, տեսնենք իշխանը որքան կտա. իհարկե, փողի մասին սակարկություն կլինի։

– Ես հենց այդ էի ուզում գիտենալ,– ասաց մելիք Ֆրանգյուլը խոհեմ կերպով.– Թորոսը յոթն սատանայից ավելի խորամանկ է, վախենում էի, որ այդ անիրավը ձեզ կխաբե։ Լավ է, որ դեռ գործը վերջացած չէ, ես այժմ կարող եմ ձեզ մի քանի օգտավետ խրատներ տալ։

Սալամ մանկլավիկը, որ ներքինապետից պատվեր էր ստացել լրտեսել խանի և երկու մելիքների խոսակցությունը, ավելի սրեց իր ականջները մելիք Ֆրանգյուլի «խրատները» լսելու համար։ Ընդունելով իր մատուցած ղեյլանը խանի ձեռքից, նա մի կողմ քաշվեցավ, կանգնեց վրանի մուտքի մոտ, և լարված ուշադրությամբ լսում էր նրանց։

Մելիք Ֆրանգյուլը խանի ուշադրությունը դարձրեց նախ այն կետի վրա, թե ովքեր են գերիները, ի՞նչ տոհմից են, ո՞րքան կարողություն ունեն, և նրանց ազգականները ինչ գումար կարող էին վճարել նրանց գնելու համար։ Բոլորի անունները մի առ մի հայտնելուց հետո, նա ավելացրեց, թե ինքը, կռվի ժամանակ որովհետև խանի զորքերի մեջն էր գտնվում, և խանին ավելի շահ հասցնելու մտքով, աշխատեց ընտրել գերիներին ամենահարուստ ընտանիքներից, որպեսզի նրանց ազատելու համար կարելի լինի պահանջել նշանավոր գումարներ։ Գերիները թվով հարյուր քսան և հինգ հոգի են. մի մասը մեռել են բանտի մեջ, բայց հարյուրի չափ դեռ մնում են։ Դրանց մեջն է գտնվում Ստեփաննոս պատանին, որ Շահումյան իշխանների տոհմիցն է, մելիք Վարթանեսի որդին, ամբողջ Գենվազ գավառի ժառանգը, այն գավառի, որ դուք տիրեցիք, որ այժմ ձեր իշխանության ներքո է գտնվում։ Այդ պատանուն ամենևին պետք չէ ձեռքից թողնել, եթե կամենում եք, որ Գենվազը մնա ձեզ որպես մշտական սեփականություն։ Վիշապի ձագը երբ որ մեծանա, դարձյալ օձերի թագավորը կդառնա»,– այդ պարսկական առածի միտքը դուք լավ եք հասկանում։ Ուրեմն, պետք է Շահումյանների տան այդ վերջին շառավիղը արմատից կտրել, այդ տոհմի հետքը աշխարհի երեսից ջնջել, եթե ցանկանում եք, որ Գենվազը ձեզ մնա։ Իսկ եթե պատանու կյանքին