Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպչել չեք ցանկանա, խոհեմությունը պահանջում է, որ նրան պահեք ձեզ մոտ որպես պատանդ։

Մելիք Ֆրանգյուլը այնպես հասարակ և սովորական կերպով առաջարկում էր խանին իր «խրատները», որպես բժիշկը տալիս է իր հիվանդին զանազան առողջապահական խորհուրդներ, որոնց մեջ նա խղճի, պատվի ազնվության դեմ ոչ մի հանցանք չէ գտնում։

– Այդ բոլորը, ինչ որ ասեցիք, շատ խելացի են,– պատասխանեց խանը ուշադրությամբ լսելուց հետո.– բայց ես այդ պատանուն ոչ կարող եմ պահել ինձ մոտ որպես պատանդ և ոչ ոչնչացնել նրան, որովհետև Թորոս իշխանին խոսք եմ տվել բոլոր գերիները դարձնել նրան, և ես իմ խոսքը հարգում եմ։

Կարծես մելիք Ֆրանգյուլի գլխին սառը ջուր ածեցին։ Նա չէր սպասում խանից մի այսպիսի պատասխան։ Բայց դարձյալ իր վստահությունը չկորցնելով, դավաճանը շարունակեց.

– Ես երբեք չէի ցանկանա, որ դուք ձեր խոսքը կոտրեիք, խան, բայց այդ չէ արգելում ձեզ պահանջել որպես պատանու, նույնպես և մյուս գերիների համար արժանավոր փրկանք։

Մելիքի նպատակը այն էր, որ խանը պահանջե այնպիսի ահագին գումար, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել, դրանով դարձյալ գերիները կմնային խանի բանտի մեջ, այնտեղ կմաշվեին, կտրորվեին և վերջապես կոչնչանային,– այն ժամանակ մելիքը դարձյալ հասած կլիներ իր նպատակին։ Բայց ի՞նչ սատանայական նպատակ էր այդ,– պետք է պարզել։

Մելիք Ֆրանգյուլը վաղուց դիտավորություն ուներ Գենվազ գավառի մելիքությունը իր ձեռքը ձգել։ Այս նպատակով նա իրան աջակից ընտրելով տաթևացի Դավիթ ուրացողին, երկուսը միասին կարողացան խանին գրգռել Գենվազի վաղեմի իշխան մելիք Վարթանեսի դեմ։ Դավադրությունը այնպես սարքեցին, որ մելիք Վարթանեսը բոլորովին անպատրաստ, խանի հրոսակները հանկարծ մտան նրա երկիրը։ Շահումյանների տունը բոլորովին բնաջինջ եղավ։ Ինքը՝ մելիք Վարթանեսը, ընկավ կռվի մեջ։ Այդ ահագին իշխանական տոհմից ազատվեցավ մի պատանի միայն, Ստեփաննոսը, որը գերի ընկավ խանի զորքերի ձեռքը։ Նրա հետ գերի առնվեցան Գենվազի գյուղերի բոլոր նշանավոր տանուտերների որդիները։ Այնուհետև խանը իր կողմից նշանակեց այդ գավառում պարսիկ կառավարիչներ։ Գերիները այնքան ժամանակ պահվում էին խանի բանտերում, մինչև Գենվազը բոլորովին