Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

Երբ երկու մելիքները հեռացան, խանը գտնվում էր մի տեսակ հոգեկան բերկրության մեջ։ Առասպելական գանձի պատմությունը այն աստիճան գրգռել էր նրա ագահությունը և այն աստիճան լցրել էր նրա սիրտը շուտ հարստանալու հույսերով, որ երևակայում էր, թե քանի րոպեից հետո աշխարհի Ղարունը[1] կդառնա։ Ինչե՜ր չէր կարելի անել այդ գանձով։ Նրանով կարելի էր կազմակերպել զորքերի այնքան բազմություն, որոնցմով շատ հեշտ կլիներ տիրել ամբողջ Ատրպատականը... որոնցմով կարելի կլիներ մինչև անգամ հափշտակել Սեֆեվիների թագը...

Ագահության և փառասիրության բաղձանքը ծնեց նրա մեջ հանցավոր խորհուրդ – մեղանչել հյուրասիրության սրբության դեմ և չհարգել տված խոսքը։ Երկուսն էլ մեծ անպատվություն էին մի պետի համար, որքան վայրենի, որքան և բարբարոս լիներ նա։ Թորոս իշխանի ընդունելության պայմանները սկզբից որոշված էին նրա հետ. իշխանը պիտի գար երկու հարյուր ձիավորներով, բերելով իր հետ գերիները ազատելու փրկանքը։ Փրկանքի քանակությունը կամ ընծաների արժեքը որոշված չէին, դրանք թողված էին իշխանի մեծահոգության վրա։ Երկու հարյուր ձիավորներ խանի կողմից պետք է դիմավորեին նրան։ Իշխանին պետք է ցույց տրվեր, նրա պատվի համեմատ, ամեն հարգանք և հյուրասիրություն։ Բայց այդ բոլոր կարգադրությունները փոխվեցան խանի մտքում։ Նա վճռեց, եթե Թորոս իշխանը չի համաձայնվի տալ նրան մելիք Վարթանեսի գանձը, այն ժամանակ ոչ միայն գերիները չէ կարող ազատել, այլ խանը կհրամայե նրան կալանավորել, բանտարկել և բանտի մեջ մաշել, մինչև գանձը ստացվի։ Բայց Թորոս իշխանը միայնակ չէր լինելու, նա իր հետ պիտի

  1. Ղարուն, պարսից Կրեսոսը։