Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սյուրին ուրախությամբ ընկավ իր «իշխանի» գիրկը, թևքերը փաթաթոց նրա պարանոցով, և իր բորբոքված, շառագունած թշերը սեղմեց նրա շրթունքի վրա։ Այդ առաջին անգամն Էր, որ մանկահասակ կինը այնպես ջերմ, այնպես անկեղծ սիրով գրկում էր իր բռնապետին, որին մինչև այն օր միշտ ատել, միշտ անիծել էր իր սրտում։

Այդ միջոցին երկին հնչեց փողը և հեռվից լսելի եղան ձիաների սմբակների ձայներ։

– Այժմ հեռացիր, նազելիս,– ասաց խանը կանգնելով և Սյուրիին իր հետ վեր բարձրացնելով Թորոս իշխանը գալիս է։

Սյուրին ծածկվեցավ իր մուգ-կապտագույն չադրշաբի մեջ, ձգեց երեսի վրա անթափանցիկ քողը և դուրս եկավ գաղտնարանից։ Մուտքի առջև նրան սպասում էր ծերունի ներքինապետը, որն առաջ ընկավ և տարավ տիկնոջը մինչև իր վրանը։ Այնտեղ միայն հարցրեց ծերունին․

– Հաջողվեցա՞վ։

Սյուրին, ուրախության ժպիտը երեսին, պատասխանեց․

– Այո՛։

– Փառք աստուծո,– բացականչեց ծերունին իր գոհունակ ձեռքերը բարձրացնելով դեպի երկինքը։

Թ

Կեսօր էր արդեն։ Խանի վրանի առջևի հրապարակի վրա, դեպի աջ կողմը, կարգով շարված էին երկու հարյուր զինված ձիավորներ խանի հեծելախմբից, հրացանները պատրաստ ձեռներին բռնած։ Նրանց հանդեպ, դեպի վրանի ձախ կողմը, նույնպես կարգով շարված էին երկու հարյուր հայ ձիավորներ, նույնպես հրացանները ձեռքներին պատրաստ բռնած։ Հայ և պարսիկ ձիավորների մեջտեղը թողնված էր փողոցի նման մի երկայն տարածություն, որտեղից պիտի անցներ Թորոս իշխանը։ Այդ փողոցի ծայրից հայտնվեցավ նա։ «Սալամ․..»,– գոռացին բոլոր ձիավորները մի քանի անգամ, և օդը թնդաց բազմաթիվ ձայների որոտմունքից։ Իշխանը նստած էր մի գեղեցիկ, սպիտակ նժույգի վրա, որի ամբողջ ասպազենը զարդարված էր արծաթով։ Նա մի հսկայատիպ մարդ էր, այրական խրոխտ դեմքով և առյուծի հրացայտ աչքերով։ Նրա առջևից տարվում էին իշխանի բերած «փեշքեշները», որ պիտի ընծայեր