առջև իրանց բարեկամական ջերմ զգացմունքը և սերը։ Այդ միջոցին իշխանի ծառաները «փեշքեշները» ներս բերեցին։ Յոթն պղնձե սինիներ շարվեցան խանի առջև։ Երբ նրանց վրայից վեր առեցին քիրմայի շալի ծածկոցները, խանի աչքերը կատարելապես շլացան։ Այդ թանկագին իրեղեններր թեև մելիք Վարթանեսի գանձի չափ չէին լինի, բայց դարձյալ մեծ հարստություն դիզված էր սինիների վրա։ Մեկի վրա կիտված էին ոսկի դրամներ, մյուսի վրա արծաթի դրամներ, երրորդի վրա արծաթով զարդարած ընտիր զենքեր՝ դաշույն, ատրճանակ, ղարաբինա, վառոդի և գնդակի ամաններ և այլն, չորրորդի վրա արծաթից շինված և ոսկեջրած անոթներ՝ թասեր, կուլաներ, ղեյլանի և չիբուխի գլուխներ և այլն․ հինգերորդի վրա՝ գեղեցիկ չինեական ամաններ, վեցերորդի և յոթներորդի վրա՝ զանազան տեսակ նուրբ մետաքսեղեն և շալեղեն գործվածներ հարեմի կանանց հագուստի համար։
– Ի՞նչ նեղություն եք քաշել,– խոսեց խանը այդ բոլորը տեսնելուց հետո,– դուք ինձ չափազանց ամաչեցնում եք ձեր առատաձեռնությամբ. ես, իրավն ասեմ, չգիտեմ, թե ինչով կարող եմ դուրս գալ ձեր պարտավորությունից։
– Այդ բոլորը ոչինչ նշանակություն չունին ձեր բարեսրտության առջև,– պատասխանեց իշխանը ուրախ ժպիտով,– ես դերվիշի նման ձեզ համար մի հատիկ մեխակ[1] եմ բերել և ավելի ոչինչ։
Այդ միջոցին կանգնեցրին վրանի առջև իշխանի բերած երեք ազնիվ նժույգները իրանց գեղեցիկ ասպազենով։
– Փա՜հ..․ փա՜հ... փա՜հ... մաշալլա...– բացականչեց խանը հիացմունքով,– դրանք, երևի, ձեր սեփական երամակիցն են, թե ոչ, Սյունյաց ամբողջ նահանգում այս տեսակ ձիաներ չկան։
– Այո՛, իմ սեփական երամակիցն են,– պատասխանեց իշխանը և հրամայեց ձիապաններին, որ շուռ տան նժույգները, որպեսզի խանը տեսնե նրանց ձախ ոտի ազդրի վրա իր դրոշմը, որ էր հայոց Թ տառը։
«Փեշքեշի» ձիան ատամներին չեն նայում, ասում է հասարակաց առածը, բայց խանը կամենում էր տեղեկանալ նժույգների տոհմը, ծագումը, կարծես, փողը նաղդ էր տվել, և այդ ավելի վրդովեցնում էր իշխանին, թեև նա ամեն կերպով աշխատում էր ծածկել իր խռովությունը։
- ↑ Մեխակը կամ կանաչ տերևը դերվիշների ամենամեծ ընծան է։