Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց պարսկական ճաշը՝ հնդկական անուշահոտություններով, իսկ հաճախ թույներով համեմած ճաշը, Թորոս իշխանին չէր գրավում։ Նա իսկապես ախորժակ չուներ մի բան ուտելու, թեև ճանապարհից էր եկած, թեև ոչինչ չէր կերած։ Գերիների վիճակը սաստիկ տանջում էր նրա առաքինի և սիրող սիրտը։ Նա ցանկանում էր շուտով տեսնել նրանց, տեսնել, թե որն է մեռել, և որը կենդանի մնացել։ Բայց խանը չէր կամենում, որ իշխանը գերիներին նույն ցավալի դրության մեջ տեսնե, որպես պահել էր նրանց. այս պատճառով իր մանկլավիկներից մեկի միջոցով ծածուկ պատվեր տվեց բանտապետին, որ նրանց դուրս բերե բանտից, շղթաները արձակե, և կեղտոտության մեջ ապականված այդ թշվառներին փոքր-ինչ մաքրել տա։

Այդ միջոցին երկու մելիքների վրանը մտավ խանի սպասավորներից մեկը, որին կաշառել էին լրտեսելու, թե ինչ վախճան կունենա Թորոս իշխանի այցելությունը։

— Ի՞նչ լուր բերեցիր,— հարցրեց նրանից մելիք Ֆրանգյուլը։ Սպասավորը պատմեց, թե խանը սիրով ընդունեց իշխանին, և շնորհակալ եղավ նրա բերած «փեշքեշների» համար, և հրամայեց բանտից դուրս բերել գերիներին և հանձնել իշխանի մարդիկներին։

Սպասավորի յուրաքանչյուր խոսքը նետի նման ծակում էր երկու մելիքների սրտերը։ Նրանք դժվարանում էին հավատալ, թե խանը կարող էր այսպես հեշտությամբ իր միտքը փոխել, թե նա այնքան կհիմարանար, որ չէր հասկանա իր սեփական շահերը, և չէր կատարի այն բոլոր օգտավետ խորհուրդները, որ նրա հավատարիմ մելիքները հաղորդեցին նրան։ Ուրեմն դարձյալ խորտակեցավ այն մեծ որոգայթը, որի մեքենայության վրա այնքան շատ աշխատել էին այդ երկու մարդիկը, դարձյալ նրանց ջանքերը իզուր անցան։ Բայց խանի տրամադրության անակնկալ փոփոխությունը առանց մի նշանավոր պատճառի չէր լինելու, և այդ պատճառը գիտենալը ավելի հետաքրքրում էր մելիք Դավիթին։

— Դու այն ասա, Կաֆար,— հարցրեց նա սպասավորից,— դեռ Թորոս իշխանը չեկած, ո՞վ տեսնվեցավ խանի հետ։

— Հարեմից մի կին եկավ խանի վրանը, և նրա հետ առանձնացած գաղտնարանում, երկար խոսում էին,— պատասխանեց սպասավորր։— Ծերունի ներքինապետը սատանայի նման կանգնած էր գաղտնարանի մուտքի մոտ և ոչ ոք համարձակություն չուներ մոտենալու, դրա համար ես ոչինչ լսել չկարողացա։